ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները համոզված է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ եւ երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը չի դադարել։
Խոսնակը հիշեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վերջերս ունեցած շփումները։ Փրայսը նշել է, որ Վաշինգտոնը խոր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ գրանցված վերջին մարտերի առնչությամբ, որոնց հետեւանքով գրանցվեցին մարդկային զոհեր ու վիրավորներ։
«Մենք կոչ արեցինք անհապաղ քայլեր ձեռնարկելու՝ կողմերի միջեւ լարվածության հետագա սրացումից խուսափելու համար»,- շեշտել է Նեդ Փրայսը։
Պետքարտուղարության խոսնակը հավելել է, որ լարվածության վերջին աճն ընդգծել է ԼՂ հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերը բանակցային, համապարփակ ու կայուն կերպով կարգավորելու անհրաժեշտությունը:
«ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ կողմերի հետ աշխատանքները շարունակելու իր հանձնառությանը»,- նշել է Փրայսը։
Խոսնակը շեշտել է, որ շարունակելու են դա անել ինչպես երկկողմ, այնպես էլ համախոհ գործընկերների հետ Եվրամիությունում, նաեւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու երկրներին՝ գտնելու երկարաժամկետ համապարփակ խաղաղություն։
Նեդ Փրայսն ընդգծել է, որ պատմական հնարավորություն է տեսնում ԼՂ խնդիրը լուծելու համար: