Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի աշխատակիցները «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 15-ին եւ 16-ին լրացուցիչ նմուշառումներ են արել մոտակա տարածքներից: Ուսումնասիրվել են մթնոլորտային օդում ծծմբի եւ ազոտի երկօքսիդների պարունակությունները։
Պայթյունի վայրից 5 մ հեռավորության վրա ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի խտությունը (ՍԹԽ) 2,3 անգամ, ազոտի երկօքսիդինը՝ 2,6 անգամ: Պայթյունի վայրից 10 մ հեռավորության վրա ծծմբի երկօքսիդի քանակի ՍԹԽ-ն գերազանցել է 1,5 անգամ, ազոտի երկօքսիդի խտությունը ՝ 3,3 անգամ:
Մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակի մշտադիտարկման ստացիոնար կայանների տվյալներով օգոստոսի 16-ին եւ 17-ին Կենտրոնում օդում փոշու քանակի համապատասխան ՍԹԽ-ն գերազանցել է 1,6-2,1 անգամ, ազոտի երկօքսիդի ու ծծմբի երկօքսիդի քանակները՝ 1,8 անգամ։
Նոր Նորքում մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի խտությունը 1,3 անգամ թույլատրելիից բարձր է եղել։ Մյուս վարչական շրջանների տարածքներում նախորդ օրերին օդում նշված նյութերի գերազանցումներ չեն գրանցվել։
Թոքաբան Նունե Ազիզյանը քրոնիկական շնչառական խնդիրներ, նորագոյացություններ ունեցող, սիրտանոթային պաթոլոգիայից տառապողներին, ինչպես նաեւ հղիներին հորդորում է հնարավորության դեպքում դուրս գալ քաղաքից: Հակառակ դեպքում խորհուրդ է տրվում պատուհանները փակ պահել, տնից դուրս չգալ, տանը փոշիները սրբել խոնավ շորով, ջրել բակային տարածքները, տնից դուրս գալու դեպքում էլ պարտադիր դիմակ դնել:
Նախօրեին «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ–ի էկոլոգիական հարցերի փորձագետ Քնարիկ Գրիգորյանը հայտնել էր, որ «Սուրմալու»-ում պլաստիկե իրերի ու հրավառության համար նախատեսված պայթուցիկ նյութերի այրման հետեւանքով առաջացած վնասակար նյութերը դեռ երկար կպահպանվեն օդում եւ նույնիսկ դեպքի վայրից տասնյակ կիլոմետրեր հեռու կտարածվեն։
Փորձագետը նշել էր, որ վնասակար մասնիկներն օդում իսկույն տարածվում են եւ շարժվում քամու ուղղությամբ։ Ընդ որում` որքան մասնիկները փոքր են, այնքան ավելի երկար ճանապարհ են անցնում։ Իսկ մի քանի միկրոմիացություններ ընդունակ են մինչեւ 60 կիլոմետր շառավղով տարածվելու։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։