Հայաստանում իրավասու գերատեսչությունները օգոստոսին կատարել են սննդամթերքում քիմիական վտանգների՝ ծանր մետաղների, հակամանրէային նյութերի եւ աճի խթանիչների առկայության ռիսկի գնահատման աշխատանքներ:
Այդ ուղղությամբ համատեղ աշխատել են Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթաների ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնը եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Աշխատանքներին մասնակցել են Սննդի շղթաների ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնի երիտասարդ գիտնականները՝ կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի գլխավորությամբ:
Ուսումնասիրության ընթացքում փորձագետները Հայաստանում արտադրված կաթի մեջ հայտնաբերել են հակաբիոտիկներ, ձկնամսի մեջ՝ հորմոնների մնացորդային քանակություններ:
Արտահանման լուրջ խոչընդոտ տնտեսվարող սուբյեկտների համար
Իբրեւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ՝ Հայաստանը ձկնաբուծության ոլորտում աճի խթանիչների կիրառումը կարգավորում է սննդամթերքի անվտանգության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով (ТР ТС 021/2011)։ Ըստ այդմ՝ կենդանական ծագման մթերքը չպետք է պարունակի բնական կամ սինթետիկ հորմոնային նյութեր:
«Որոշ ձկնանմուշներում հորմոնների պարունակությունը գերազանցել է թույլատրելի չափաքանակը: Սակայն, սննդակարգային ներգործությամբ պայմանավորված, հնարավոր առողջական ռիսկեր չեն հայտնաբերվել։ Սա նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտները պետք է աչալուրջ լինեն, քանի որ սա արտահանման լուրջ խոչընդոտ է»,- նշել է Պիպոյանը։
Հայաստանում կիրառվում են արգելված հակաբիոտիկներ
Կաթի մեջ եւ կաթնամթերքում թունավոր տարրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կան մտահոգության առիթ տվող կապարի եւ կադիմումի անցանկալի պարունակություններ: Կաթի մեջ հակաբիոտիկների ռիսկի գնահատման աշխատանքների ընթացքում պարզվել է, որ Հայաստանում կիրառվում են արգելված հակաբիոտիկներ։
«Հակաբիոտիկների նշված քանակների դեպքում, կաթի սպառմամբ պայմանավորված, հանրային առողջության խնդիրներ չեն բացահայտվել: Այնուամենայնիվ, սա արտահանման լուրջ խոչընդոտ է, եւ նշված արդյունքները պետք է հաշվի առնել պետական վերահսկողության համար»,- ընդգծել է փորձագետը։
ԳԱԱ գիտության հանրայնացման եւ հասարակայնության հետ կապերի բաժինը նաեւ տեղեկացրել է, որ ուսումնասիրությունների արդյունքների մասին երիտասարդ գիտնականների՝ Իտալիայի առողջապահության ազգային ինտիտուտի հետ համատեղ հրապարակած գիտական հոդվածները մեծ արձագանք են ստացել միջազգային հեղինակավոր կառույցների շրջանում:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։