Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը հայտարարել է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան մինչ այժմ չեն բավարարել արտահանձնման հարցում Թուրքիայի պահանջները Անկարայի սպասումներին համապատասխան։ Ըստ թուրքական Milliyet պարբերականի՝ Թուրքիայի արդարադատության նախարարը շեշտել է, որ նրանց արտահանձնած մարդն առնչություն չունի ահաբեկչական հանցագործությունների հետ։ Շվեդիայում 2021-ին ձերբակալված տղամարդը, որի անունը չի հրապարակվում, հայտարարել է, որ Թուրքիայում իրեն անարդարացիորեն դատապարտել են քրիստոնեություն ընդունելու, զինվորական ծառայությունից հրաժարվելու եւ քրդական արմատներ ունենալու համար։
Բոզդագը զգուշացրել է, որ պարտավորությունները չկատարելու դեպքում ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության գործընթացը կարգելակվի:
Դեռ մայիսի 13-ին, ըստ թուրքական Daily Sabah պարբերականի, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չի կարող դրական գնահատել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու ծրագրերը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իշխող ուժի խորհրդարանական խմբակցության հետ մայիսի 18-ի հանդիպմանը, կրկին անդրադառնալով Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրին, ընդգծել է, որ Անկարան ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ակնկալում է հարգել Թուրքիայի ազգային անվտանգային պահանջները։
Էրդողանն ասել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի առաքելություններում ամենամեծ ներդրումը ունեցող երկրներից է, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան պետք է առանց առարկությունների համաձայնի ցանկացած նախաձեռնության։
Ավելի վաղ Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հետ բանակցություններ սկսելու գործընթացը։ Այդպիսով ՆԱՏՕ-ի ղեկավար մարմինը՝ Հյուսիսատլանտյան խորհուրդը, չի կարող որոշում ընդունել անդամակցության գործընթացի բանակցությունները սկսելու համար։
Գերմանական մամուլը Էրդողանին նմանեցրել է միջազգային ճգնաժամերից օգուտներ կորզել սիրող խաղամոլի:
«Ցավալին այն է, որ Էրդողանի շանտաժը կարող է նպատակին հասնել: Ֆինլանդիայի եւ Շվեդիայի միանալը ՆԱՏՕ-ին չպետք է ձախողվի: Այսպիսով՝ ԵՄ մյուս կառավարությունները ստիպված կլինեն ինչ-որ բան զիջել Անկարայի խաղամոլին՝ քրդական հարցի, սպառազինության կամ էլ Թուրքիայում օրենքի գերակայության համակարգված ոչնչացման երեւույթների հանդեպ աչք փակելու հաշվին:
Այդպիսով, Թուրքիան կպահպանի ՆԱՏՕ-ի կարեւոր գործընկերոջ կարգավիճակը, մինչդեռ Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ի համար կմնա որպես անբարեհույս խուսանավող»,- մասնավորապես նշել է գերմանական հեղինակավոր «Süddeutsche Zeitung» պարբերականը:
Հուլիսի 29-ին Մադրիդում քառակողմ բանակցություններից հետո գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Թուրքիան, Ֆինլանդիան եւ Շվեդիան Թուրքիայի շահերն ու մտահոգությունները հաշվի առնող 10 կետից բաղկացած համատեղ հայտարարություն են ստորագրել։
Համատեղ հայտարարության ընդունումից հետո միայն Թուրքիան պաշտոնապես համաձայնել է աջակցել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:
ՆԱՏՕ-ի անդամ 30 պետություններից 23-ը՝ ներառյալ ԱՄՆ-ը, արդեն վավերացրել են համաձայնագրերը։ Համաձայնագրերը դեռեւս չեն վավերացրել Իսպանիան, Հունաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Չեխիան, Հունգարիան ու Թուրքիան։