Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ 2022-ի մարտի 1-ից ուժի մեջ են մտել առցանց մոլախաղերի բիզնեսի խստացված կանոնակարգերը։
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալների բազայում մարտի 1-ից առայսօր կախվածություն ունեցող անձանց ցանկում հաշվառված է 1930 ֆիզիկական անձ, որից 23-ը հաշվառվել են դատավորի վճռով, իսկ 1907-ը` իրենց դիմումի համաձայն:
Ըստ «Վիճակախաղերի, մոլախաղերի եւ շահումով խաղերի կազմակերպման մասին» Վրաստանի օրենքի՝ ներկայում մոլախաղերով զբաղվելու արգելք կիրառված անձանց ցանկում ընդգրկվել է 1 միլիոն 449 հազար 124 անձի մասին տեղեկություն։
Վրաստանում արգելվում է խաղային բիզնեսի հեռուստատեսային եւ արտաքին գովազդը, ինչպես նաեւ վրացական կայքերում գովազդի տեղադրումը։ Բացի դրանից՝ խաղային բիզնեսի ընկերություններին թույլատրվում է ստորագրել միայն հովանավորչական պայմանագիր։
Վրաստանում մինչեւ 25 տարեկան քաղաքացիներին, սոցիալական նպաստ ստացողներին, պետական պաշտոնյաներին խստիվ արգելված է զբաղվել մոլախաղերով։
Նույն արգելքը տարածվում է նաեւ եկամուտների ինքնարգելափակման համար ֆինանսների նախարարություն դիմած, ինչպես նաեւ օրենքի ուժով կամ ընտանիքի անդամների խնդրանքով սեւ ցուցակում հայտնված անձանց վրա։