Վերջին մի քանի տարիներին հայկական մեդիա-փորձագիտական որոշակի շրջանակներ շարունակաբար այն տեսլականն էին գեներացնում, որ «նավթի դարաշրջանն ավարտվում է, ստեղծվում կամ հայտանգործվում են էներգիայի այլընտրանքային աղբյուրներ»: Արվում էին հետեւություններ, թե ըստ այդմ Ադրբեջանի կարեւորությունը «նվազելու է»: Նույնիսկ խոսվում էր, թե այդ երկրի տնտեսությունը «փլուզման եզրին է, քանի որ ամբողջովին նավթային ասեղի վրա է»։ Նման հրապարակումների հեղինակներն ասելիքը գունազարդում էին օտար աղբյուրներից հղումներով:
Իրականության մեջ, մինչդեռ, ամեն ինչ հակառակն է: Մերձավոր Արեւելքի ողբերգությունը էներգակիրների եւ տարանցման ուղիների համար կատաղի մրցակցության պարզ արտապատկերն է: Այս առումով Ադրբեջանը շատ գրագետ եւ հավասարակշռված քաղաքականություն որդեգրեց ի սկզբանե՝ դեռեւս 1994 թվականի աշնանը, երբ ստորագրվեց «դարի համաձայնությունը»:
Ի դեպ, այդ մեծ նախագծին որեւէ ձեւով մաս կազմելու Հայաստանի հնարավորությունը բաց էր մինչեւ 2000-ականների սկիզբը: Շուրջ յոթ տարի Բաքու-Ջեյհան խողովակաշարի անցկացումը հետաձգվում էր: Եւ երբ պարզ դարձավ, որ ԼՂ հարցում Հայաստանը չի կողմնորոշվում, BP-ն տվեց «դարի կառույցի» մեկնարկը՝ պայմանավորվելով Վրաստանի հետ: Բայց սա առանձին քննության թեմա է:
Նավթի դարաշրջանը ոչ միայն չի ավարտվել, այլեւ շարունակվում է, եւ նոր աշխարհաքաղաքական կոնստրուկցիաներ են ձեւավորվում: Օրերս տեղի է ունեցել անսպասելին. Թուրքմենստանի խորհրդարանը վավերացրել է Կասպից ծովի վիճելի հանքավայրն Ադրբեջանի հետ համատեղ շահագործելու մասին համաձայնագիրը, որ ավելի վաղ նույն ընթացակարգով հաստատել էր Բաքուն: Կողմերը պայմանավորվել են գործածությունից պաշտոնապես հանել հանքավայրին տված ազգային անվանումները եւ այն կոչել «Դոստլուգ» (Բարեկամություն):
Ըստ ձեռք բերված համաձայնության՝ հանքավայրից ստացվելիք եկամուտները Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ կբաշխվեն 70:30 տոկոս հարաբերակցությամբ: Ավելին, Ադրբեջանն իր վրա է վերցրել նոր հանքավայրից մինչեւ Ազերի-Գյունեշլի՝ արդեն իսկ շահագործվող հանքավայր ընդծովյա 20 կիլոմետրանոց խողովակաշարի անցկացման ֆինանսատեխնիկական ապահովումը: Այսպիսով թուրքմենական գազը, առանց այդ երկրի կողմից լրացուցիչ ծախսերի, կհասնի Բաքվի Սանգաչալ նավթագազային թերմինալ, որտեղից սկիզբ է առնում Բաքու-Էրզրում գազատարը:
Կասպյան ավազանի էներգակիրների տարանցման հարցի շուրջ աշխարհաքաղաքական մրցակցությունը, որ վերջին մեկուկես տասնամյակում ձգվում էր Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, այսպիսով փակվում է: Բոլոր կողմերը գոհ են: Որոշակիորեն իմաստավորվում է «Հարավային գազային հոսք» նախագիծը, որն առանց թուրքմենական գազի տարանցման տնտեսական լուրջ նշանակություն չէր ունենա, բայց ամեն ինչ տեղի է ունենում Ռուսաստանի աչալուրջ ներկայությամբ. Թուրքմենա-ադրբեջանական նավթագազային նոր հանքավայրի շահագործման օպերատոր կհանդիսանա ռուսական «Լուկօյլ» ընկերությունը: Վերջինս, ի դեպ, հինգ տոկոսի մասնաբաժին ունի նաեւ Բաքու-Ջեյհան նավթամուղում:
Իսկ «Լուկօյլի» սեփականատերն էթնիկ ադրբեջանցի է՝ միլիարդատեր Վագիթ Ալեքպերովը, Ալիեւների եւ Փաշաեւների իշխող ընտանիքի մերձավոր բարեկամը: Ահա քեզ՝ գործնական քաղաքականություն, որտեղ ոչ ոք չի կորցնում, բոլորը միայն շահում են:
Ռուսաստանը, որ տարիներ ի վեր արգելափակում էր Տրանսկասպյան գազատարի անցկացումը՝ պատճառաբանելով, որ դա բնապահպանական աղետի կմատնի Կասպից ջրային ավազանը, ներկայումս Թուրքմենստան-Ադրբեջան համաձայնությունների երաշխավորն է: Ամեն ինչ նորմալ է, եթե մեգածրագրի թիկունքին կանգնած չեն BP-ն եւ ամերիկյան նավթային ընկերությունները:
Ռուսաստանին հաջողվել է Կասպից ավազանից էներգակիրների հետագա տարանցման օպերատորությունը քաղաքական եւ ուղղակի իմաստով վերցնել իր ձեռքը: Այն, ինչի համար շուրջ քսան տարի պայքարում էր Միացյալ Նահանգները՝ Եվրոպայի էներգետիկ շուկայում «սեղմել» Ռուսաստանին, մնաց որպես չիրականացված երազանք: Որովհետեւ Եվրոպա տարանցվող գազն անվանապես թուրքմենա-ադրբեջանական է, բայց քաղաքական եւ ֆինանսատնտեսական վերահսկելիության առումով՝ ռուսական, ռուսաստանյան:
Մեծ քաղաքականության մեջ «Լուկօյլն» ամենեւին էլ էթնիկ ադրբեջանցի Վագիթ Ալեքպերովի սեփականությունը չէ, ռուսաստանյան նավթագազային «իմպերիայի» մի մասնիկ է, վերահսկվում եւ ուղղորդվում է Կրեմլից: Գործնականում արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: Վաղը նույն սկզբունքով ղազախական նավթագազային ռեսուրսներն են հոսելու ադրբեջանական Սանգաչալ, այնտեղից՝ Ջեյհան, Էրզրում եւ ավելի հեռու՝ դեպի հարավային Եվրոպա: Բայց դա արդեն լինելու է սոսկ նավթ եւ գազ՝ շուկայական ապրանք, որի աշխարհաքաղաքական իմաստը Ռուսաստանն արդեն զտել է հօգուտ իր շահերի:
Արտառոցը (եթե շարունակենք աշխարհը տեսնել հայկական ուլտրա-պատրիոտիզմի նաիվությամբ) թերեւս այն է, որ չափազանց բարդ եւ գրեթե անլուծելի պատկերված մի թնջուկ այդքան արագ հանգուցալուծման է գնում նավթից եւ գազից զուրկ, աղքատ լեռնային մի տեղաշրջանում՝ ԼՂ-ում ծավալված եւ քառասունչորս օր տեւած մի պատերազմից հետո, որ համաշխարհային չափումներով աննախադեպ է առնվազն վերջին քառորդ դարի կտրվածքով:
Բայց արդյո՞ք արտառոց է, որ հենց այդ պատերազմից հետո է գալիս Կասպից ավազանի էներգակիրների շուրջ բոլոր կողմերի միջեւ մոդուս-վիվենդիի ժամանակը: Վաղը համանման համաձայնության կգան Ադրբեջանը եւ Իրանը:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։