Կասկածում էի, բայց համոզվելու համար դիմեցի մի քանի գործընկերոջ․ «2016 թվականի ապրիլի 2-ին Հայաստանում ռազմական դրություն հայտարարվե՞լ է, իրավունքի ուժով Ազգային ժողովի հատուկ նիստ գումարվե՞լ է»։ Պատասխանը բացասական էր։ Ռազմական դրություն չի հայտարարվել նաեւ ԼՂՀ-ում։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ ծավալվել էին լիարժեք մարտական գործողություններ՝ շփման գծի միանգամից երկու՝ հյուսիսային եւ հարավային ուղղություններում։ Ոչ ոք այն ժամանակ նման «մանրուքի» ուշադրություն չի դարձրել։
Ռազմաքաղաքական գործիչներից, որքան հիշվում է, միակը, որ քառօրյան պատերազմ չհամարեց, այլ «հետախուզություն՝ մարտով», ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն էր, բայց պաշտոնական քարոզչությունը լռեցրեց նրա սթափ ձայնը։ Իսկ փորձառու զինվորականը զգուշացնում էր, որ պատերազմն ավելի աղետալի է լինելու։ Եվ որքան էլ բարձր լինի հայ զինվորի մարտական ոգին, նա «մերկ ձեռքերով ԱԹՍ խոցել չի կարող»։ Չորս տարի անց Սամվել Բաբայանի կանխատեսումը դարձավ աղետալի իրականություն։ Դա մասնագիտական վերլուծության կարիք ունեցող խնդիր է։
Մեզ տեսանելի է իրավաքաղաքական կողմը․ եթե 2016 թվականի ապրիլի 2-ին իրոք պատերազմ էր սկսվել, ինչո՞ւ ԼՂՀ-ում եւ ՀՀ-ում ռազմական դրություն չի հայտարարվել։ Կա՞ր որեւէ երաշխիք, որ մարտական գործողությունները չորս օրից դադարելու էին։ Ո՞վ էր երաշխավորը։ Իսկ եթե երաշխիք եւ երաշխավոր չկար, ապա պատերազմն ինչո՞ւ իրավա-քաղաքական արձանագրում չի ստացել։ Չէ՞ որ եթե չկա ռազմական դրության մասին հրամանագիր, եթե Ազգային ժողովը ռազմական դրություն հայտարարելուց հետո իրավունքի ուժով հատուկ նիստ չի գումարում, ուրեմն շփման գծում միայն տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտում։
Թերեւս դրանով է բացատրվում, որ 2016 թվականի ապրիլի 5-ին ղարաբաղա-ադրբեջանական ճակատային գծում կրակը դադարել է․․․ Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետերի բանավոր պայմանավորվածությամբ։ Համենայն դեպս, ոչ ոք Յուրի Խաչատուրովի եւ Նաջմեդին Սադիխովի ստորագրությամբ հրադադարի մասին փաստաթուղթ չի հրապարակել։ Քառօրյա մարտական գործողությունները, պատկերավոր ասած, չեն փաստաթղթավորվել, թեպետ կողմերն ունեցել են մարդկային զգալի, իսկ հայկական կողմը՝ նաեւ տարածքային կորուստներ։ Զինտեխնիկայի, սպառազինությունների, նյութական եւ այլ կարգի վնասների մասին դեռ կարելի է չխոսել։
Այդ օրերին tert.am-ին տված հարցազրույցում կարծիք հայտնեցի, որ Իլհամ Ալիեւը թույլ է տվել ռազմաքաղաքական ահաբեկչություն, դարձել ոչ բանակցունակ, եւ հայկական կողմը պետք է առկախի նրա հետ բոլոր մակարդակի շփումները։ Ուղղակի անպատկերացնելի էր, որ նման ուխտադրուժ քայլից հետո Սերժ Սարգսյանը կհամաձայնի նրա հետ նստել բանակցային սեղանի շուրջը, քննարկել ինչ-ինչ հարցեր։ Բայց քառօրյա մարտերից կարճ ժամանակ անց կազմակերպվեցին բանակցություններ, եւ հայկական դիվանագիտության բառապաշարը հարստացավ եւս մեկ ձեւակերպումով՝ «Վիեննայի օրակարգ»։
Մեկ ամիս անց Շուշիում մի խումբ քաղաքական-հանրային գործիչներ եւ արցախցի մտավորականներ «Հռչակագիր» ստորագրեցին, որով 1994-ի ստատուս-քվոն ճանաչվում էր անփոփոխելի, փոխզիջման գնալու ցանկացած քայլ՝ հայ ժողովրդի համար անընդունելի։ Հաջորդ օրը Երեւանում «Սասնա ծռեր» խմբավորումը գրավեց ՊՊԾ գունդը, ծայր առան շուրջօրյա հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր՝ «Հող հանձնողին հանձնենք հողին» կարգախոսով։ Համատարած աղմուկի, ազգային ռոմանտիզմի պոռթկման թոհուբոհի մեջ երեւի քչերը նկատեցին, որ ՊՊԾ գնդի գրավումը ժամանակագրական առումով համընկել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին։
Իսկ դա մի իրադարձություն էր, որ հալեցրեց ռուս-թուրքական հարաբերությունների՝ Սիրիայի օդային տարածքում թուրքական կողմից ռուսական մարտական ինքնաթիռ խոցելուց հետո առկա սառույցը եւ դրեց Ռուսաստան-Թուրքիա բոլորովին նոր որակի համագործակցության հիմքը։ Թուրքական մամուլը գրեց, որ Էրդողանի ինքնաթիռի առեւանգումը կամ պայթեցումը կանխել է Մոսկվայից տեղին եւ ժամանակին արված զգուշացումը։ Ինչո՞ւ ռուսաստանյան հետախուզությունը Հայաստանի նախագահին չէր զգուշացրել ՊՊԾ գնդի գրավման սպառնալիքի մասին։ Տեղյակ չէ՞ր․․․
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։