Վրաստանը ԽՍՀՄ այն հանրապետություններից էր, որտեղ հասարակական-քաղաքական տրամադրությունները ժամանակ առ ժամանակ վերաճում էին ընդվզման։
Վրացի լրագրող Զվիադ Կորիձեն Խորհրդային Վրաստանի պատմությունը դիմադրության պատմություն է համարում՝ հիշելով 1924-ին Ռուսաստանի դեմ իր ժողովրդի տպավորիչ ընդվզումը։
Դա մեր Փետրվարյան ապստամբության նման քաղաքական ակտ էր։ Ինչպես 1921-ի փետրվարին դաշնակցականները Հայաստանում, այդպես էլ վրաց մենշեւիկները երեք տարի անց Վրաստանում փորձում էին վերականգնել երկրի անկախությունն ու իրենց իշխանությունը։ Կարմիր բանակն ու Չեկան երկու տեղում էլ նույնկերպ բիրտ ուժով ճնշեցին ընդվզումը՝ սկիզբ դնելով զանգվածային հետագա բռնաճնշումների։
«Վրացիների համար միշտ կարեւոր է սեփական պետությունը,- ասում է քաղաքագետ, բլոգեր Գելա Վասաձեն։- Ռուսական կայսրության կազմում լինելը չհաշված՝ մենք միշտ պետականություն ենք ունեցել։ Նույնիսկ կայսրության մեջ վրացիները պահպանում էին զինվորական, ազնվականական կոչումներն ու արտոնությունները»։
Վասաձեի կարծիքով՝ խորհրդային ռեժիմն ամեն ինչ փոխեց. «Խորհրդային կարգը կրոնական էր։ Պանթեոն, որի կենտրոնում ազգությամբ վրացի Ի.Վ. Ստալինն էր։ Վրաստանցիների, հատկապես՝ երիտասարդ մարդկանց շրջանում կար բավական մեծ մի շերտ, որը հպարտանում էր Ստալինով։ Այդպիսով նրանք ընկալում եւ ընդունում էին նաեւ կոմունիստական գաղափարախոսությունը»։
Արձակագիր, կինոսցենարիստ Լաշա Բուգաձեի կարծիքով, սակայն, դա քվազիազգայնական պաթոս էր. «Ստալինն առանձնապես ինքն իրեն վրացի չէր համարում, բայց այստեղ [Վրաստանում] էր ծնվել, եւ դա պատճառ էր, որ շատ-շատերը նրան ընկալեին որպես ազգային աստվածություն»։
Ազգային այդ աստվածությունը սասանվեց 1956 թվականի փետրվարի 25-ին, երբ Ստալինի մահվանից երեք տարի անց ԽՄԿԿ 20-րդ համագումարում Նիկիտա Խրուշչովը դատապարտեց անձի պաշտամունքը։ Մեկ շաբաթ անց Թբիլիսին արդեն փոթորկվում էր։
Մյուս օրը՝ առաջնորդի մահվան երրորդ տարելիցին, ուսանողներն ու բանվորները հավաքվեցին Թբիլիսիի փողոցներում եւ հրապարակներում՝ «Թույլ չենք տա քննադատություն Ստալինի հասցեին» կարգախոսով, բայց հազվադեպ հնչում էին նաեւ անկախության եւ ազատության կոչեր։
Ռուսական ОВД-Инфо անկախ իրավապաշտպան նախագծի հետազոտողներ Ալեքսեյ Պոլիխովիչը եւ Ալեքսեյ Մակարովը «Հանուն Ստալինի, հանուն ազատության. Ստալինամետ ցույցերի ցրումը Թբիլիսիում 1956-ին» հետաքննական հոդվածում մեջբերում են խոսքը Կոնստանտին Ցիցիշվիլի անունով մի մարդու. «Նրանք ուզում էին պաշտպանել Ստալինին, իսկ ես մտածում էի, Ստալինի պաշտպանությունն օգտագործելով՝ հասցնել նրան, որ մարդիկ ազատ եւ անկախ Վրաստանի կոչեր անեին»։
Ցիցիշվիլին, որն այս վարքի համար դատապարտվել, հետագայում հալածվել եւ ի վերջո հաստատվել է Լեհաստանում, հպարտ է, որ Վրաստանն առաջինն է բարձրացրել անկախության հարցը։ Նա ասում, թե իշխանությունները պարզ տեսնում էին, որ խնդիրը Ստալինը չէր, որ այլ պահանջներ էին հասունանում։
Մարտյան իրադարձություններին մասնակցող ուսանողների մեջ էին նաեւ անկախության ապագա մարտիկներ Զվիադ Գամսախուրդիան ու Մերաբ Կոստավան, որոնք երկու տարի առաջ համախոհների հետ ստեղծել էին «Գորգասլիանի» ընդհատակյա կազմակերպությունը եւ այդ գործունեության համար ձերբակալվեցին 1956-ի դեկտեմբերին։
«Հետո Խորհրդային զորքերը դաժանաբար ճնշեցին [ցույցը]։ Սպանվեցին 100-ավոր մարդիկ, երիտասարդներ, որոնք հավատում էին կոմունիզմին,-ասում է Գելա Վասաձեն։-Հավատը [Ստալինի նկատմամբ] պարզապես գնդակահարվեց»։
Վասաձեի կարծիքով՝ Խորհրդային Միությունն այդ օրը վրացիների համար դադարեց ընկալվել որպես սեփական պետություն։ «Դա արդեն օտար, չար մի ուժ էր, բայց պարզ էր, որ հակառակվելն անհնար ու անիմաստ էր։ Տեղի ունեցավ յուրահատուկ փոխակերպում, ստեղծվեց այլընտրանքային իրականություն՝ ցեխավիկներով (անլեգալ ձեռնարկատերեր), զուգահեռ դատարաններով (օրենքով գողեր) եւ արժեքային ուրույն համակարգով»։
Քսաներկու տարի անց՝ 1978-ին, վրացիները կրկին ոտքի կանգնեցին՝ այս անգամ պաշտպանելու մայրենի լեզվի պետական կարգավիճակը։ Խորհրդային երկրում սահմանադրություն էր փոխվում եւ, ըստ այդ փոփոխությունների՝ ռուսերենը պետք է գերադաս լիներ հանրապետությունների մայրենի լեզուների նկատմամբ։
«Դա ապրիլի 14-ին էր։ Ուսանողները դուրս եկան փողոց՝ իրենց ձեռքին եւ շապիկների վրա ունենալով ընդամենը մեկ խորհրդանիշ՝ վրաց այբուբենի տառերը»,-պատմում է Լաշա Բուգաձեն։
Նա զարմացած է, թե ինչու 1978-ին՝ բրեժնեւյան ժամանակաշրջանում, հանդուրժեցին ազգայնականության այս դրսեւորումը։ «Մինչեւ հիմա չկա որոշակի պատասխան, թե ինչո՞ւ չկրկնվեց այն, ինչ եղել էր 22 տարի առաջ»։
«Թբիլիսիի «Դինամոն» երկու անգամ է ԽՍՀՄ չեմպիոն դարձել եւ երկու անգամ էլ քաղաքական լարված իրավիճակում։ Մեկը 1964-ին էր, մյուսը՝ 1978-ին (Բրեժնեւի օրոք), երբ Թբիլիսիում, հենց կառավարության տան դիմաց եղան ցույցեր՝ ի պաշտպանություն մեր լեզվի։ Այսինքն՝ երբ Մոսկվան տեսնում էր, որ իրավիճակը սրվում է, մի բան անպայման զիջում էր։ Նշածս երկու դեպքերում ֆուտբոլն էր, բայց ուրիշ բաներ էլ կային»,- ասում է Զվիադ Կորիձեն։
Վրաստանի այդ ժամանակվա կոմկուսի կենտկոմի քարտուղար Էդվարդ Շեւարդնաձեն ժողովրդական ընդվզումը կարողացավ ծառայեցնել իր հեղինակության ամրապնդմանը։
«Տարածված կարծիք կար, իբր [Շեւարդնաձեն] ինքն այնպես արեց, որ վրացերենը պահպաներ պետական լեզվի կարգավիճակը»,- Բուգաձեն ծիծաղում է, բայց հանուն արդարության խոստովանում, որ «Շեւարդնաձեն կարողանում էր հմտորեն կառավարել ազգայնական տրամադրությունները՝ միաժամանակ գոհացնելով Կրեմլին»։
Մի ունակություն, որը ժողովրդականություն էր հավելում կուսակցական ղեկավարի նրա կերպարին։ Հատկապես սերտ էին Շեւարդնաձեի եւ վրաց մտավորականության կապերը։ Բայց 1983-ին եղավ արտառոց իրադարձություն, որն, ըստ էության, հարված էր թիկունքից։
«Օդանավի առեւանգման փորձ։ Այսօրվա իմաստով դա իսկական ահաբեկչական ակտ էր, բայց երբ պետությունն ինքն էր բռնարար ու ահաբեկիչ, երբ մարդիկ տարրական իրավունք չունեին գնալու արտասահման, տեսնելու, թե ինչպես են ապրում ուրիշները, երիտասարդների այդ արարքը հիմա ուղղակի ողբերգական է թվում»,- ասում է Բուգաձեն։
Լաշա Բուգաձեն օդանավի առեւանգման մասին պատմող «Պատանդները» ֆիլմի սցենարի հեղինակն է եւ գտնում է, որ քաղաքական նշանակությունից զատ՝ դա պարզապես սերունդների՝ ծնողների եւ զավակների, սուր հակադրություն էր։ «Թեեւ մեր հիշողության մեջ դա պայքար էր համակարգի դեմ, բայց դժվար չէ հասկանալ, որ նրանց [օդանավն առեւանգողների] համար ավագ սերունդը՝ իրենց ծնողները, մարմնավորումն էին կարծրացածության ու հարմարվողականության, ինչն արդեն ատելի էր»։
«Եւ այդ երիտասարդներն, ընդվզելով ասացին՝ ոչ։ Նրանք ոչ թե պարզապես փորձում էին լքել Խորհրդային Միությունը, հեռանալ, այլ ուզում էին սարքել, այսպես ասած՝ պերֆորմանս, մաքուր հակասովետական ցուցք»,-ասում է Զվիադ Կորիձեն
Երիտասարդների արկածախնդրության արդյունքում Վրաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Շեւարդնաձեն կարող էր կորցնել ոչ միայն իշխանությունը, այլեւ շրջել քաղաքական կենսագրության վերջին էջը, բայց երկու տարի անց սկսված գորբաչովյան պերեստրոյկան փոխեց իրերի դրությունն ու Էդվարդ Ամբրոսեւիչը նշանակվեց Խորհրդային Միության արտաքին գործերի նախարար։
Եւ մինչ Մոսկվայում Միխայիլ Գորբաչովն ու վերակառուցիչների թիմը Խորհրդային Միությունը փրկելու ծրագրեր էին մտմտում, Վրաստանը՝ մյուս հանրապետությունների պես, մտնում էր հարաբերական ազատության շրջափուլ։ Ազատություն, որն աստիճանաբար վերաճելու էր կենտրոնի հետ տագնապալի առճակատման, ինչն էլ ավարտվելու էր 1989 թվականի ապրիլի 9-ի ողբերգությամբ։
«Խորհրդային զորքերը տանկերով անցան Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայով, եւ մեկ գիշերում 19 մարդ սպանվեց։ Ամենատարեցը 75 տարեկան էր, կրտսերը՝ 16»,-հիշում է Լաշա Բուգաձեն։
1989, Ապրիլի 9
Մարտի 18-ին Աբխազիայի Լիխնի գյուղում տեղի ունեցավ 30-հազարանոց հավաք, որն առաջ քաշեց Աբխազական ԻՍՍՀ-ն Վրաստանի կազմից դուրս բերելու եւ որպես միութենական հանրապետություն ճանաչելու հարցը։
Սա վրդովմունք առաջացրեց եւ վրացիները պատասխանեցին չարտոնված մի շարք հանրահավաքներով՝ Գալիում, Լեսելիձեում, Սուխումիում եւ Վրաստանի մյուս քաղաքներում։
Ապրիլի 4-ին վրաց ազգային շարժման առաջնորդներ Զվիադ Գամսախուրդիայի, Մերաբ Կոստավայի, Իրակլի Ծերեթելիի եւ Գեորգի Չանթուրիայի ղեկավարությամբ Թբիլիսիում սկսվեց անժամկետ հանրահավաք։
Երկու օր անց հրապարակում հայտնվեցին «Կորչի կոմունիստական ռեժիմը», «Կորչի ռուսական իմպերիալիզմը», «ԽՍՀՄ-ը ժողովուրդների բանտ է» եւ նման այլ կարգախոսներ։
Հանրահավաքի ընթացքում ընթերցվեց եւ ներկաների հավանությանն արժանացավ ԱՄՆ-ի նախագահին ու Կոնգրեսին ուղղված դիմումը, որով պահանջվում էր.
1.ՄԱԿ-ի նիստերից մեկը նվիրել անկախ Վրաստանի օրվան՝ մայիսի 26-ին,
2.1921 թվականի փետրվարի 25-ը ճանաչել Ռուսաստանի բոլշեւիկյան ուժերի կողմից Վրաստանի բռնազավթման օր,
3.Օգնել Վրաստանին դուրս գալու Միության կազմից, այդ թվում նաեւ՝ ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի զորքեր մտցնելով։
Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերվա հանրահավաքին շուրջ 10 հազար մարդ էր մասնակցում։ Հարակից փողոցներում նրանք բեռնատարներով եւ տրոլեյբուսներով ստեղծել էին բարիկադներ։ Ժամը 2։50 մեգաֆոնով ցուցարարներին դիմեց ՆԳ Թբիլիսիի քաղաքային վարչության պետը՝ կոչ անելով ցրվել։ Մեկ ժամ անց նման կոչով հանդես եկավ Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլյա 2-րդը։ Ժամը 4-ին եղավ հանրահավաքն ուժով ցրելու հրաման։ Գործողությունը, որին մասնակցում էին Միության տարբեր քաղաքներից բերված զորամիավորումներ, տեւեց 15 րոպե։ Ցուցարարները նահանջեցին, բայց քանի որ բոլոր ելքերը փակ էին, սկսվեց զանգվածային խուճապ եւ խճողում։
Այս ամենից հետո այլ ընտություն չկար, քան վերակառուցվող, բայց բռնարարության սովորույթից չհրաժարվող կայսրությունը լքելը։ Երկու տարի անց՝ 1991-ի ապրիլին, Վրաստանն անկախություն հռչակեց։ Իսկ մայիսին Խորհրդային այլախոհի համբավ ունեցող Զվիադ Գամսախուրդիան ընտրվեց նախագահ։ Նրա պաշտոնավարումը, սակայն, երկար չէր տեւելու։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։