ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների խորհրդի նիստում հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է համաձայնեցված եւ համատեղ ապահովեն պետությունների եւ տարածաշրջանի անվտանգությունը, այդ թվում` բնական եւ տեխնածին աղետներից։
ՌԴ նախարարը հայկական կողմին ցավակցություն է հայտնել Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ։ Մոսկվայում արտակարգ իրավիճակների գծով ՀԱՊԿ անդամ երկրների համակարգող խորհրդի 13-րդ նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ պայթյունի հետեւանքով մահացածների, ինչպես նաեւ ՌԴ ԱԻՆ-ի նախկին ղեկավար Եվգենի Զինիչեւի։
Ըստ նրա` կարող է թվալ, որ արտակարգ իրավիճակների գծով գերատեսչությունները երկրորդական դեր են կատարում ՀԱՊԿ-ում, սակայն դա այդպես չէ։
«Մենք լավ գիտենք, որ ցանկացած ճգնաժամ, լինի դա ռազմական գործողություն, թե հակամարտություն պետության ներսում, մեծածավալ տեխնածին եւ մարդասիրական աղետների առաջացման ռիսկ է պարունակում, որոնց դեմ միայնակ պայքարելը դժվար կլինի»,- հավելել է Կուրենկովը։
ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։