Արցախ ճանապարհվելուց անմիջապես առաջ ընկերներիցս մեկից իմացա, որ Ամարասի վանքը վերանորոգվում է։ Զարմացա։ Լրահոսում ոչ մի տեղեկության չէի հանդիպել։ Վատ է մեր մեդիայի համար, բայց ապագայի հանդեպ հավատի նշան է փաստն ինքնին՝ վանքը նույնպես սահմանամերձ է հիմա, ուղիղ նշանառությամբ հասանելի։
Սոսից ընդամենը 7 կմ է մինչեւ Ամարաս՝ գնացինք։ Ուղեկիցս՝ պայմանագրային Մանվել Ղահրամանյանը, պատմեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում իրենք անցք էին բացել վանքի դարպասի հակառակ կողմից, մեկ մետրից ավելի հաստ պարսպի մեջ, որպեսզի պաշտպանվեն ու պաշտպանեն վանքը։ Անցքն արդեն փակել էին, տեղը հնարավոր չեղավ հայտնաբերել։ Հնագույն՝ Գրիգոր Լուսավորչի թոռան ժամանակներում կառուցված վանքը հիացմունք է պատճառում՝ որերորդ անգամ էլ տեսնես… բայց այցելուները քիչ էին, ինչպես ամենուրեք՝ օգոստոսի սկզբին տեղի ունեցած մարտերից հետո, մինչդեռ «Ամարասը գնացող-գալացողով ա Ամարաս», ինչպես ասաց Մանվելը։
Շինանյութով լի բակի մի ծառից փոքրիկ ցուցատախտակ էր կախված՝ «Ինչ էլ քեզ հետ պատահի, հույսդ դիր Աստծո վրա»։ Միջնադարում եկեղեցին նույնիսկ մեղք էր համարում սեփական ուժերին ապավինելը։ Ես հիշեցի մեկ ուրիշ կարգախոս, որ պատահել էր Արցախի ճանապարհներին՝ «Աստղաշենցիներ, մեր գյուղը, մեր օջախը մենք պիտի պահենք»։ Ինձ ամենաշատը դուր է գալիս հին հունական ասույթը, որը հետագայում տարածվեց Բենջամին Ֆրանկլինի վերաձեւակերպմամբ՝ «Օգնիր ինքդ քեզ, եւ Աստված քեզ կօգնի»։ Նույն տրամաբանությամբ չէ, որ Ամարասի վանքը հաստաբեստ պարիսպներ ունի։ «Ամարասը գնացող-գալացողով ա Ամարաս». այսինքն՝ Աստված էլ է երբեմն մահկանացուների օգնությանը կարոտ։
Ամարասից արդեն ես պետք է գնայի Ասկերանի շրջան, որտեղ Պատարա գյուղից ոչ հեռու երիտասարդական երկու ճամբար էր գործում։ Դրանցից մեկը կազմակերպվել էր Արցախի պետական համալսարանի եւ Քաղաքացիական Հաբ–Թրանսփերենսի Ինթերնեշնլ Հայաստան համագործակցությամբ։ Իմանալով, որ Արցախում եմ, ինձ հրավիրել էին բանախոսելու։
Ճանապարհին ուշադրություն դարձրի, որ սգո պաստառները չեն հանվել 44-օրյա պատերազմից հետո։
Թեեւ շատ գյուղերում, Սոսի նման, 44-օրյա պատերազմի զոհերին նվիրված ամբողջական հուշահամալիրներ էին պատրաստ, Ստեփանակերտի «Եռաբլուրում» եւս շինարարությունը մոտ էր ավարտին։
Ճամբարում հարյուրից ավելի ուսանող կար. շուրջ երեսուն տոկոսը՝ Հայաստանից, մնացյալը՝ Արցախից։ Վերջին կռիվները սկսվելուց հետո ծնողները եկել-տարել էին մի մասին, բայց ոմանք վերադարձել էին։
Ես խոսելու էի մեդիագրագիտության, քննադատական մտածողության մասին (հանդիպումը՝ պատկերներով)։ Զգացվեց, որ թեման բոլորին հետաքրքիր չէր։ Շատերը վստահում էին լրագրողներին, որոնք միշտ վատ լուրեր են տարածում՝ ճիշտ, թե սխալ։ Դե, մարդը ի բնե հակված է հավատալու վատին՝ պետք է պատրաստ լինի վտանգից պաշտպանվելուն։ Բայց եթե ըստ վատ լուրի վարվես, որը կեղծ դուրս գա, սխալ կանես, մեկ է, ուրեմն պետք է չնայել լավին ու վատին, այլ ընտրել ստույգը։ Դա կարեւոր է մի պատճառով եւս։ Ըստ շատ հետազոտությունների՝ Հայաստանում կեղծիք տարածող մեդիան դա չի անում միամտաբար կամ տգիտորեն, այլ ուղղորդված։ Ուստի նրանց խրատ կարդալու իմաստը ես չեմ տեսնում, ասացի ուսանողներին, բայց դուք պետք է գիտակցեք, որ ցանկացած ծայրահեղ արտահայտություն՝ սկսած «ամեն ինչ ծախված է»-ից, վերջացրած ավտոմատավորների խմբով հակառակորդի բանակի դեմ դուրս գալու կոչերով, մեծ վնաս են հասցնում հատկապես սահմանին ապրող մարդկանց, սասանում նրանց ոգին։ «Ամեն ինչ ծախված է»-ն հնարավոր չէ ստուգել, իսկ ավտոմատներով կռվի մասին ի՞նչ ասես էսօր՝ եթե նույնիսկ հաջողվի որոշ ժամանակ դիմադրել, դա կնշանակի պատերազմ։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ էսօր պատերազմ սկսել… նախքան պատերազմը։
Հանդիպումներից, ՖԲ-յան գրառումներիցս հետո ընկերության շատ հայտեր ստանալով արցախցիներից՝ ես աչքի էի անցկացնում նրանց էջերը։ ՀՀ իշխանության հանդեպ կտրուկ բացասական վերաբերմունքով նյութեր։ Եվ Ալիեւի ելույթները, որտեղ նա միշտ խրոխտ կեցվածքով է պատկերված։ Հայկական մեդիայի հրապարակումներում։ Բայց էդպես ադրբեջանական քարոզչությունն է վեհացնում իր երկրի ղեկավարին, նույն երկրի լսարանի համար։ Եվ ինչո՞ւ պետք է մենք դա տարածենք։ Հատկապես վերջին հայտարարությունը, թե արցախցիներին ոչ մի կարգավիճակ չի տրվելու, պետք է նույն իրավունքներն ունենան, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիները։ Նախ դա նա բազմիցս է ասել, հետո՝ ունի՞ լծակներ, որ գործադրի։ Գոնե էս պահին։ Ինչքան էլ որ դժվար փուլում ենք հիմա, բայց շատ բան կա բանակցելու թեկուզ տվյալ հայտարարության համատեքստում։
Նախ կա արցախցիների ազգային ամփոփ բնակության փաստը՝ դա բնորոշ չէ Ադրբեջանի մյուս տարածքներին։ Ապա։ Ադրբեջանցիների ո՞ր իրավունքների մասին է խոսում Ալիեւը։ 2021 թվականի կոռուպցիայի ցուցանիշով Ադրբեջանը 128-րդն էր 180 երկրից, Հայաստանը, որի վարչական տիրույթում է ինտեգրված Արցախը՝ 58-րդը։ Ժողովրդավարության ցուցանիշով 141-րդը՝ 167 երկրից, Հայաստանը՝ 89-րդը։ Դեռ չհաշված, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից բռնապետական երկիր է համարվում, Ռուսաստանի ու Բելառուսի նման՝ Իլհամ Ալիեւը հորը փոխարինել է 2003-ից։
Սրանք գուցե շատ ծանրակշիռ փաստարկներ չեն այսօր, քանի դեռ Ռուսաստանն ու Թուրքիան են տարածաշրջանում կամք թելադրում, բայց աշխարհը ցնցումներ է ապրում. որոշակի սցենարների դեպքում դրանք կարող են օգնել Հայաստանին՝ ստանալու առաջադեմ երկրների աջակցությունը, թույլ չտալ, որ Արցախում մարդու իրավունքները տնօրինումը ուղղակիորեն հանձնվի բռնապետական վարչակարգին։
Արցախցիների զգալի մասը ամեն կերպ հիմնավորում է, որ Պուտինն է իրենց օգնելու։ Անկեղծ ասած, անցակետերում, Բերձորի հոսանքազուրկ Առեւտրի սրահի մոտ, ինձ համար էլ են ուրիշ ելքերը մշուշվում։
Բայց, մյուս կողմից, 2014-ին արցախցիները հրապարակներում տոնել են ռուսական Крымнаш-ը՝ մեզ թշնամացնելով Ուկրաինայի հետ։ Ի՞նչ արդյունք տվեց։ Ոչ մի։ Պարզվեց՝ Պուտինի համար Ղրիմը Ռուսաստան է, բայց… Արցախը Հայաստան չէ։ Եվ «կանաչ զինվորիկները», որ բռնազավթել էին ուկրաինական թերակղզին, միայն մեր պարտությունից հետո հայտնվեցին հայ-ադրբեջանական շփման գծում՝ խաղաղապահների սպիտակ սաղավարտներով…
Արցախում իմ վերջին երեկոյան գնացի բարեկարգ, մաքուր Ստեփանակերտում զբոսնելու։ Քաղաքի կենտրոնում էի, երբ մի պահ թվաց, թե փողոցում երթ է, Երեւանի ապրիլի-հունիսի նմանությամբ։ Բայց շուտով հասկացա, որ մարդիկ զբոսանքի են ելել։ Այգիները, սրճարանները նույնպես մարդաշատ էին։ Մոլուցք կա ադրբեջանական եւ… հայկական մեդիայում ու սոցցանցերում Արցախի բնակչության թիվը նվազեցնելու։ Ինչ ինքս տեսա՝ իմ աչքով տեսա, բայց նաեւ պաշտոնական ու ոչ պաշտոնական տվյալներով, միայն Ստեփանակերտում հիմա 60-70 հազար մարդ է ապրում։
Քաղաքացիական Հաբ–Թրանսփերենսի Ինթերնեշնլ Հայաստանի համակարգող Արեն Մանուկյանը 44-օրյա պատերազմից սկսած ավելի շատ Արցախում է լինում, քան Հայաստանում։ Նա ինձ ծանոթացրեց քաղաքի «խենթերի» հետ։ Մեկը՝ սփյուռքահայ, Ստեփանակերտի լավագույն սրճարաններից մեկն է հիմնել, հիմա տարվել է այգեգործությամբ, մյուսը… մոտավորապես հակառակ ճանապարհն է անցել։ Բայց երկուսի ավտոներն էլ հարմարեցված են առավելագույն արագությամբ դիրքեր հասնելուն, շատ զենք-զինամթերք կրելուն, որոնց որոշ քանակություն մշտական տեղ ունի բեռնախցիկների մեջ։
Ճիշտ է, նրանք էլ էին ծանր հոգեվիճակում։ Շատ մտահոգություններ ունեին, որոնք ես փարատել չէի կարող։ Ռուս-ուկրաինական պատերազմն էնքան բարդացրեց միջազգային իրադրությունը, որ մեր պահանջ-զիջումների տրամաբանական շեմերը կարող են տատանվել… շաբաթից շաբաթ։ Երբ կենաց ասի «Փաբ»-ում, թե՝ դիմանալու շրջան է, 30 տարի առաջ՝ 1992-ին, վիճակը բազմակի վատ էր, տղերքն առարկեցին՝ էն ժամանակ ոգի կար։ Որպես ականատես պետք է պնդեմ, որ դա չափազանցություն է, առասպել։ Ճիշտ է, բացվել էր Լաչինի միջանցքը, գրավվել էր Շուշին, բայց ընկել էր Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի մեծ մասն անցել էր ադրբեջանցիների տիրապետության տակ։ Ես որպես կամավոր էի եկել Արցախ 92-ին։ Զինամթերքը չնչին էր, դիրքերում հաց չի եղել 10 օրով, չկար վառելանյութ… Երեւանում «դավաճան» վանկարկումներով ցույցեր էին՝ պահանջում էին նախագահի հրաժարականը, աշխատավարձերը գրոշների էին հավասարվում՝ ռուբլին տասնյակ տոկոսներով արժեզրկվում էր առավոտից մինչեւ իրիկուն, «հայրենասերները» հոխորտում էին, միեւնույն ժամանակ ադրբեջանական ու հայկական զինուժի հարաբերակցությունն էնքան մեծ էր, ի վնաս մեզ, որ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հեռուստատեսային ելույթով էր ստիպված կանչել կամավորների… մահապարտների գունդ ձեւավորելու համար։
Դիմանալու, իրար խնայելու, իրար եռանդ տալու շրջան ենք ապրում, կարծում եմ։ Նրանց համար, ով չի գործում դրսի պատվերով… առհասարակ պատվերով՝ բոլորիս պառակտելով։ Սոս գյուղն ափսոս է, Արցախն ափսոս է, ափսոս է մեր երկիրը։
Սոս-Պատարա-Ստեփանակերտ-Երեւան