Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ օգոստոսի 19-ին Վրաստանի եւ Հայաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում տեղի ունեցավ Դեբեդ գետի վրա կառուցված նոր «Բարեկամություն» կամրջի բացման արարողությունը:
Բացմանը ներկա էին Վրաստանի եւ Հայաստանի վարչապետներ Իրակլի Ղարիբաշվիլին եւ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ երկու կողմից:
«Բարեկամության կամուրջը, որը մենք միասին կառուցեցինք, մարմնավորում է մեր համագործակցության եւ բարեկամության հաջողությունը»,- բացման խոսքում նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նա հավելել է, որ կարմջի գործարկման շնորհիվ սահմանին տրանսպորտային կարողությունները կրկնապատկվում են։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Վրաստանը՝ որպես տարանցիկ երկիր, Հայաստանի համար մեծ նշանակություն ունի էներգառեսուրսների, կապի եւ հեռահաղորդակցության հուսալի եւ անվտանգ մատակարարման առումով:
Կամուրջը, որի շինարարությունը մեկնարկել է 2021-ի մայիսին, փորձնական գործարկվում է օգոստոսի 5-ից։
Կառույցը բաղկացած է իրարից 1 մետր հեռավորության վրա գտնվող երկու զուգահեռ կամուրջներից, յուրաքանչյուր կամրջի լայնությունը 11.85 մ է, երթեւեկելի հատվածի լայնությունը՝ 8.35 մ, յուրաքանչյուր կամրջի երկարությունը՝ 160 մ: Երկու կամուրջների ընդհանուր լայնքը 24.7 մ է, յուրաքանչյուրինը՝ 11.85 մ: Կամուրջն ունի մոտ 32-մետրանոց 5 թռիչք եւ մոտեցնող ճանապարհներ, արտաքին լուսավորություն եւ ջրահեռացման համակարգ:
Կամրջի կառուցման արժեքը 9 միլիոն եվրո է, Հայաստանը եւ Վրաստանը 50/50 ֆինանսավորել են այն՝ տրամադրելով 4.5-ական միլիոն եվրո։