Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լվովում օգոստոսի 18-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Զելենսկուն առաջարկել է Թուրքիայի տարածքում կազմակերպել նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ըստ Թուրքիայի նախագահի՝ հանդիպման հիմնական թեման եղել են ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ ռազմական գործողությունները, որորնք շարունակվում են փետրվարից։ Զելենսկու հետ հանդիպմանն Էրդողանը վերահաստատել է Անկարայի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ։ Էրդողանը հայտնել է նաեւ, որ եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ ռազմագերիների փոխանակման հարցը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ բանակցային գործընթացի հիմնական պայմանն է հռչակել ինքնիշխան Ուկրաինայի բոլոր գրավյալ տարածքներից Ռուսաստանի զինված ուժերի լիակատար դուրսբերումը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի, մասնավորապես նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները վտանգավոր խաղ են եւ բնավ չեն հանգեցնելու պատրերազմի դադարեցման։
Իր թվիթերյան գրառման մեջ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականը Ռուսաստանի հետ բանակցությունները համեմատել է լիցքավորված փամփշտակալով ռուսական պտուտախաղի հետ։ Նա հավելել է, որ այդ բանակցությունները կարող են բոլոր կողմերի համար ճակատագրական վախճան ունենալ։