Ադրբեջանը ճանապարհ չի ուզում, իր հաղթանակի գինն է ուզում։
Ադրբեջանը Բերձորն, Աղավնոն, Սուսը չի ուզում, իր հաղթանակի գինն է ուզում։
Ադրբեջանը նախկին ԼՂԻՄ-ից մնացած քառակուսի կիլոմետրերը չի ուզում, իր հաղթանակի գինն է ուզում։
Ադրբեջանը հին ճանապարհի փոխարեն նորը չի ուզում, իր հաղթանակի գինն է ուզում։
Ադրբեջանն էքսկալվներ չի ուզում, իր հաղթանակի գինն է ուզում։
Ադրբեջանը սահմանագծում-սահմանազատում չի ուզում, իր հաղթանակի գինն է ուզում։
Ադրբեջանն այդ գինն ուզում է պարտված, կոտրված իշխանությունից եւ այդ իշխանության «հղացումը» սնածներից, որոնք իբր խանգարում են։
Խանգարում են ի՞նչ անել. ճանապարհ տալ, միջանցք տրամադրել, էքսկլավներից հետ քաշվել, Բերձորն, Աղավնոն, Սուսն ազատել, կազմակերպված եւ համախումբ դուրս գալ Արցախից, Տիգրան Մեծի վախտվա քարտեզներից բացի ցանկացած տարբերակով սահման գծել։ Բայց Ադրբեջանը ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ո՛չ երրորդը, չորրորդը… ութերորդը չի ուզում, իր հաղթանակի գինն է ուզում։ Նա ուզում է պարտվածի տեղը ցույց տալ, պարտվածի չափը սահմանել։
Русские тут ни при чем.
Նրանց խաղը Մոսկվա-Անկարա էստակադայի վրա է։ Նրանց ներկայությունը Ղարաբաղում и вокруг него անբացատրելի է ճիշտ այնպես, ինչպես պատերազմը «ռազմական հատուկ գործողություն» կոչելն է անմեկնելի։
Ռուսներից ոչինչ չպետք է սպասել։ Նրանք ժամանակ են սպանում։ Նրանք ժամանակ սպանելու մեծ փորձ ունեն… ուրիշի տարածքում։
Մեր կարծիքով այդ ուրիշը մենք ենք, Ադրբեջանը, սակայն, իրեն ավելի ուրիշ է զգում, Մոսկվա-Անկարա էստակադայի հիմնասյուն լինելու չափ ուրիշ։
Եվ նա հաղթանակի գին է պահանջում ոչ թե այն պատճառով, որ զինական բացարձակ առավելությամբ ավարտել է 44 օր տեւած մարտերը, այլ որովհետեւ կարողացել է լուծել անլուծելին։
Ո՞ւմ զենքով է կռվել, ո՞ւմ աջակցությունն է վայելել, ո՞ւմ սաստումն ու խստությունը չի տեսել, ո՞ւմ թեթեւամտությունից է օգտվել. ո՞ւմ «մտահոգված ենք» հառաչանքը շան տեղ չի դրել. կարեւոր չէ։
Կարեւորը խնդիրը լուծած լինելն է, եւ գին պահանջելը ոչ թե հաղթողի լկտիություն է, այլ հաղթանակի ծրարը զմռսակնքելու հույժ կենցաղային ձգտում։ Այդ ծրարը թքով չես փակի, պետք է անպայման զմռսակնքել։
Մենք ի՞նչ պետք է անենք։ Ոչի՞նչ։
Ոչինչն արդեն արել ենք՝ վերընտրելով պարտության ճարտարապետներին։ Խոսքը ոչ միայն գործող իշխանության մասին է, այլեւ ասպարեզը ոչ մի կերպ լքել չցանկացող ընդդիմության, որն հիմա էլ անկախության հռչակագրի օրն է ուզում պղծել բնածին ձախորդ արարմունքով։
Ոչինչն արդեն արել ենք՝ ականջ դնելով օդամուղ պոլիտիկոսներին, որոնք ավելի շատ ռուսատյաց են, քան արեւմտամետ, քանզի աներեւակայելի են Փարիզ-Երեւան, Վաշինգտոն-Երեւան, Բրյուսել-Երեւան էստակադաները։
Ոչինչն արդեն արել ենք՝ չհավատալով, որ մեր ուժը ոչ թե մեր իղձն է, այլ մեր կշռելի նպատակը։
Հրաշք չի պատահելու, միակ հրաշքը կարող է լինել ինքնագնահատականով մեր ներսը վերակերտելը։
Մեզ հարկավոր է նոր առաջնորդություն, որը չի ուրանա հաղթողի մեր ձիրքը եւ չի ընկճվի պարտության պատահարից։ Նոր առաջնորդություն, որը չի պղծի մեր ապագան քաղաքական շամանությամբ։
Չենք հաղթելու, բայց պարտության գինը կարո՛ղ ենք չվճարել։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։