Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Հայաստանի կողմից Արցախի մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանության համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջի հիման վրա օգոստոսի 19-ին ՄԻԵԴ-ը վերահաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված եւ նույն թվականի նոյեմբերի 3-ին առավել ընդլայնած միջանկյալ միջոցը՝ նշելով, որ այն շարունակում է ուժի մեջ մնալ:
ՄԻԵԴ-ը կողմերին հորդորել է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտմանը՝ ներառյալ նրանց՝ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ եւ 8-րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքները վտանգի տակ դնելուց։
Եվրադատարանը նաեւ արձանագրել է, որ Հայաստանի Կառավարության վկայակոչած իրադարձությունների, «այն է՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ իրականացվող զինված հարձակումների, Բերձոր եւ Աղավնո համայնքների բնակչության տեղահանման սպառնալիքների նկատմամբ կիրառելի է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին ընդունված եւ մինչ օրս ուժի մեջ գտնվող որոշումը»:
44-օրյա պատերազմի մեկնարկի արդեն հաջորդ օրը Հայաստանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով պարտադրել Ադրբեջանին դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը Հայաստանի եւ Արցախի շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները եւ բնակավայրերը թիրախավորելուց։
Սեպտեմբերի 29-ին ընդունած միջանկյալ որոշմամբ Եվրադատարանը ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Հայաստանին կոչ էր արել զերծ մնալու ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների, մասնավորապես՝ կյանքի իրավունքի խախտման, խոշտանգումների։