«Սուրմալու» առեւտրի կենտրոնի ողբերգությունից մոտ մեկ շաբաթ է անցել, բայց որեւէ մեկը դեռեւս պատասխանատվության չի ենթարկվել:
Եթե կոնկրետ պայթյունի համար մեղավոր անձանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար դեռ ժամանակ է պետք, ապա նույնը չես ասի քաղաքական պատասխանատվության մասին: Այստեղ ամեն ինչ պարզ է. կան ոլորտի պատասխանատու կառույցներ, որոնք փաստորեն թերացել են իրենց աշխատանքում: Չնայած այդ հանգամանքին՝ տեղի ունեցած ողբերգության համար պաշտոնյաներից որեւէ մեկը հրաժարական չի ներկայացրել, ոչ էլ պաշտոնանկ արվել:
Կառավարության վերջին նիստում այս թեմայով քննարկումն ավելի ակնհայտ դարձրեց ոչ միայն այս ոլորտում, այլեւ ընդհանրապես պետական համակարգում տիրող անմխիթար վիճակը. պետական մեքենան մեզանում կանգնած է, չի աշխատում: Ու տեղի ունեցած ողբերգությունն առաջին հերթին հենց դրա հետեւանքն էր:
«Սուրմալու» առեւտրի կենտրոնն ինքնին եղել է ռիսկային (ի դեպ, այդպիսին է նաեւ հարեւանությամբ գործող մեկ այլ առեւտրային կենտրոն՝ «Փեթակը»): Հայտնի էր, որ «Սուրմալու»-ում վաճառվում էին նաեւ հրավառությունների համար նախատեսված նյութեր, ինչպես հետո պարզվեց, պահեստավորված է եղել մոտ 4 տոննա պայթուցիկ նյութ: Այնտեղ 2021 թվականի գարնանը Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ էր անցկացրել, արձանագրել մի շարք խախտումներ:
Թեման այսքանով փակվել էր. արձանագրված խախտումները չէին վերացվել, տեսչական մարմինն էլ հետամուտ չէր եղել՝ ստիպելու, որ տնտեսվարողը շտկեր թերությունները, ընդ որում՝ սա մի վայրում, որը տեղակայված է մայրաքաղաքի կենտրոնում, մարդաշատ է, եւ որտեղ դյուրավառ նյութեր են պահպանվում: Բացի այդ, եթե հիշում եք, նախորդ տարի եւս այնտեղ պայթյուն էր եղել, ապա՝ հրդեհ բռնկվել, կային տուժածներ:
Այս ամենից հետո, թերեւս, լուրջ կասկածի տակ է Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի արդյունավետությունը, անգամ նրանց գոյության իմաստն է կասկածելի է. իրո՞ք արվում են ստուգումներ, եւ եթե այո, որքանո՞վ են դրանք արվում հավուր պատշաճի, բարեխղճորեն:
Բայց սա դեռ ամենը չէ. Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից մեկ այլ տխուր պատկեր պարզվեց. դեռեւս 2020 թվականի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո նա հանձնարարել է տեղեկություններ հավաքել բոլոր այն օբյեկտների եւ ընկերությունների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ, կամ որտեղ պահվում են այդպիսի նյութեր: Եվ ահա երկու տարի առաջ տված հանձնարարականը մնացել է օդում կախված. «համապատասխան գերատեսչությունները» այն այդպես էլ չեն կատարել (համենայն դեպս՝ եզրակացություն դեռ չեն տվել): Փաշինյանն էլ հետամուտ չի եղել իր հանձնարարականի կատարմանը, եւ դրա մասին հիշել է մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունից հետո միայն. «Դեպքից հետո առաջին գործողություններից մեկը, որն արել եմ, հաշվետվություն եմ փորձել ստանալ տվյալ հանձնարարականի կատարման վերաբերյալ: Այս պահի դրությամբ այդ մասով տեղեկատվությունն ամփոփվում է»,- ասել է նա: Այսինքն՝ ոչ միայն համապատասխան գերատեսչությունները հետամուտ չեն եղել հանձնարարության կատարմանը, այլեւ հանձնարարություն տվողն ինքը:
Իհարկե, կարելի է արդարացումներ բերել, որ տեսչական մարմինը չունի բավարար թվով աշխատակիցներ՝ ստուգումներ ու վերստուգումներ անելու համար, օրենսդրությամբ չունի համապատասխան լիազորություններ՝ ստիպելու տնտեսվարողներին վերացնել արձանագրված խախտումները, հակառակ դեպքում՝ պատժելու նրանց: Բացի այդ՝ 2020-ին ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում մոլեգնում էր կորոնավիրուսի համավարակը, ապա սեպտեմբերին եղավ 44-օրյա չարաբաստիկ պատերազմը, որն ավարտվեց հայկական կողմի պարտությամբ:
Սակայն այդ փաստարկներն առոչինչ են, եթե հաշվի առնենք, թե ինչ մասշտաբի աղետալի միջադեպ է տեղի ունեցել. կան 16 զոհ եւ 2 անհետ կորած, բայց չկա որեւէ մեկը, որ գիտակցեր կատարվածի մեջ մեղքի իր բաժինն ու հրաժարական ներկայացրած լիներ:
Հ.Գ. Իշխանություններն այս ամենից հետո ոչ թե փորձում են վերհանել տեղի ունեցածի պատճառներն ու պետական մեքենայի գործարկման խնդիրը, այլ հայտարարում են հրավառության համար նախատեսված նյութերի վաճառքն արգելելու մասին. աշնան սկզբին այդ նպատակով պատրաստվում են ԱԺ արտահերթ նիստ գումարել ու համապատասխան օրենք ընդունել: Մինչդեռ կարելի էր խորությամբ ուսումնասիրել նույն տեսչական մարմինների գործունեությունն ու աշխատել նրանց գործառույթների հստակեցման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու շուրջ:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: