Լուսանկարչության համաշխարհային օրվա առիթով օգոստոսի 19-ին Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվեց գյումրեցի արվեստագետներ Հայկ Ադամյանի եւ Արմեն Տեր-Մկրտչյանի համատեղ ցուցահանդեսը։ Հայկ Ադամյանն աշխատանքներն ուղարկել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որտեղ այժմ ապրում եւ ստեղծագործում է։
Ներկայացված էին լուսանկարիչների տարբեր ժամանակներում եզակի մեթոդով՝ ռեզինոտիպ տեխնոլոգիայով արված սեւ-սպիտակ լուսանկարները։ Ցուցասրահի մեծ էկրանին էլ հանդիսատեսը հնարավորություն ուներ մանրամասնորեն հետեւելու տեխնոլոգիայի գործընթացին։
Ռեզինոտիպ տեխնոլոգիայով արված նկարները ստացվում են ավազային նյութի փոշու պիգմենտների ուլտրամանուշակագույն ճառագայթներից քայքայվելու արդյունքում։ Մասնագետներն ասում են՝ նվազագույնը15 րոպեում, առավելագույնը մի քանի ժամից պատկերը թղթի վրա է մնում։ Այս տեխնիկան բազմաթիվ դժվարություններ ունի, քչերին է գրավում: Ֆոտոնկարչության հետ կապ չունեցող այս արվեստում միայն արեւի բնական լույս է պետք։
Ռեզինոտիպ տեխնոլոգիան յուրովի ներկայացնող լուսանկարիչ Արմեն-Տեր Մկրտչյանն ասում է՝ մեթոդն այլընտրանքային տպագրության տեսակ է։ Ստեղծագործությունները լույսի մասին են, իսկ լուսանկարչությունը հավերժ պայքար է լույսի եւ ստվերի միջեւ։ Ըստ նրա՝ լուսանկարիչները փորձում են կրճատել ժամանակի ազդեցությունը, որքանով որ կարող են։ «Այն, ինչ ես անում եմ վերջերս, դա լույսի կյանքն է իր զարգացման եւ փոփոխման գործընթացով։ Իմ գործը պարզապես պատճենելը չէ»։
Արվեստագետը մշակել է նոր մեթոդ․ նա տեղադրում է թուղթը իր իսկ հայտնագործած խցիկի մեջ եւ անմիջապես լուսանկարում։ Այս կերպ արված լուսանկարները հնարավոր չէ կրկնօրինակել կամ ընդօրինակել, դրանք եզակի են։
Ռեժիսոր Վահան Սեթոյանն Արմեն Տեր-Մկրտչյանի արվեստով հիանալու ոչ մի առիթ բաց չի թողնում։ Ասում է՝ անվերջ բացահայտելու արվեստագետ է Տեր-Մկրտչյանը։ «Այսօր ցուցադրված աշխատանքներում թեեւ մարդը ներկա չէ, բայց ես տեսա մարդուն, նրա անցած ճանապարհն ու ներկա-բացակայությունը»։
Արմինե Խաչատրյանը նույնպես Արմեն Տեր-Մկրտչյանի արվեստի ջատագովն է։ Փաստում է, որ ամեն անգամ աշխատանքների մեջ խորասուզվում եւ իր մեջ նոր մարդու է բացահայտում։ «Ամեն անգամ հուզվում եմ, չեմ կարողանում բացատրել՝ ինչու։ Որոշ ժամանակ է անցնում, տպավորություններս ի մի եմ բերում ու գիտակցում եմ, թե ինչ տեսա»։
Ցուցադրությունը բաց կլինի մինչեւ օգոստոսի վերջը:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։