Արդեն քանի օր է՝ լուրեր են պտտվում, որ սեպտեմբերին Հայաստանում կայանալու է «ՍԵՆՍՈՐ» (Sensor) միջազգային փառատոնը: Մի կողմից այն իրադարձություն է էլեկտրոնային երաժշտության ու «փարթիների» սիրահարների համար, մյուս կողմից՝ պատուհաս Հերունու ռադիոօպտիկական աստղադիտակի համար:
Բանն այն է, որ փառատոնը նախատեսում են իրականացնել Պարիս Հերունու ռադիոօպտիկական աստղադիտակի (ՌՕԴ-54/2․6) տարածքում:
Աստղադիտակը 4000 հայելիներից բաղկացած, 54 մետր տրամագծով հսկայական երկհայելի անտենա է՝ միկրոնների ճշտությամբ հարթեցված հայելային հսկա թաս, որին համակցված է 2,6 մետր տրամագծով օպտիկական դիտակ։ Համակարգը առաջինն ու եզակի է աշխարհում, քանի որ ունի մի շարք առավելություններ աշխարհի այլ մեծ անտենաների բնութագրերի համեմատ։ Կիրառելի է երկու՝ օպտիկայի եւ ռադիոալիքային տիրույթում տիեզերքի ուսումնասիրության համար։ Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ Պարիս Հերունու գլխավորությամբ նախագծել եւ կառուցել են այն 1975-1985 թվականներին:
Գիտնականի դուստրը՝ Նանա Հերունին, ասում է. «Պատկերացրե՛ք այս պահին Ճապոնիայի Տոկիո քաղաքում մի մոմ են վառում, եւ այդ մոմի ջերմությունը մենք այստեղ՝ Հայաստանում, զգում ենք: Այո՛, Հայաստանում ունենք այս տեսակի եզակի սարք, որն ուզում են նախ պղծեն, բնականաբար հետո էլ վերացնեն կամ խլեն»:
Պարիս Հերունին 17 տարի պայքարել է, որ աստղադիտակը տեղադրվի հենց այս վայրում՝ հրաժարվելով մյուս, այդ թվում Ղրիմում տեղադրման տարբերակներից: Արդյունքում ստեղծվել է եզակի գիտական կենտրոն, որի շնորհիվ զարգացման նոր հնարավորություն են ստացել Օրգով եւ Տեղեր համայնքները, որոնք մինչ այդ զուրկ են եղել ենթակառուցվածքներից ու գյուղերի տեղահանման պլաններ են եղել:
«Ռադիոօպտիկական դիտակը հնարավոր է եւ պետք է վերագործարկել»,- Հերունու ազգային տիեզերական կենտրոն:
Դեռեւս 2017 թվականից «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը նախաձեռնել է Հերունու ազգային տիեզերական կենտրոնի (ԱՏԿ) ստեղծման ու ռադիոդիտակի վերգործարկման նախագիծը՝ նախատեսելով ենթակառուցվածքային զարգացման ու ամբողջ համալիրը որպես պետական սեփականություն պահպանելու գործողություններ: Համոզված են, որ դիտակն ազգային արժեք է եւ անհրաժեշտ է վերագործարկել: Այդ նպատակով պայմանավորվածություններ են ձեռք բերել միջազգային հայտնի գիտնականների ու կառույցների, շահագրգիռ կազմակերպությունների ու դոնորների հետ, համագործակցել EVN ռադիոինտերֆերոմետրական միջազգային համադրությանը հասնելու համար:
Հերունու ԱՏԿ-ն ոչ ֆորմալ կազմակերպություն է, որը միավորում է 50-ից ավելի տեղացի եւ օտարերկրացի գիտնական-մասնագետների։ ԱՏԿ-ում նախատեսում են իրականացնել ռադիոաստղագիտության, հեռավոր տիեզերական կապի, անտենային չափումների, անօդաչու թռչող սարքերի, այլընտրանքային էներգետիկայի ու բարձր տեխնոլոգիաների առաջատար այլ հետազոտական եւ կիրառական նորարարական աշխատանքներ:
«ՌՕԴ-54/2․6 ռադիոդիտակի վերագործարկումը եւ անտենային չափումների պոլիգոնի զարգացումը տարաբնույթ եւ մեծաքանակ գիտահետազոտական եւ ուսումնահետազոտական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն են ստեղծում»,- ասում են Հերունու ԱՏԿ անդամները:
2020 թվականին տեղացի ու արտերկրից (Նիդերլանդներից, Գերմանիայից, Ավստալիայից) հրավիրյալ մասնագետները ռադիոդիտակի փորձարկումներ են արել, ստուգել պիտանելիությունը գիտական աշխատանքի համար, գնահատել համաշխարհային աստղագիտական համայնքի մեջ ներգրավվելու կարողությունն ու պատրաստվածությունը: Փորձարկմանը, բացի մասնագետներից, մասնակցել են նաեւ Կառավարության ու Ազգային ժողովի ներկայացուցիչներ: Արդյունքում եզրակացրել են, որ Հերունու ռադիոդիտակը հնարավոր է վերագործարկել:
«Պրոֆեսոր Հերունու կառուցած դիտակն ունի փայլուն ապագա, որի համար անհրաժեշտ է այն համալրել ժամանակակից ընդունիչ սարքերով ու էլեկտրոնիկայով»,- ասել է պրոֆեսոր, Եվրոպական հետազոտական կոնսորցիումի գերերկար բազաներով ռադիոինտերֆերոմետրիայի ինստիտուտի (VLBI ERIC) գլխավոր աստղագետ, Տիեզերական գիտության եւ նորարարական ծրագրերի ղեկավար Լեոնիդ Գուրվիցը:
Ինչ է նախատեսվում «ՍԵՆՍՈՐ» միջազգային փառատոնի շրջանակում եւ դրանից հետո
Փառատոնը նախաձեռնել է «Արմատ Քոմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպությունը: Միջոցառմանը նախատեսվում էր 50 երաժիշտների ելույթներ աշխարհի տարբեր ծագերից (Evan Baggs, Zoviet France, Molero, Daniela Huerta, Krikor Kouchian, այլ): Արդեն իսկ մասնակցելու պատրաստակամություն են հայտնել ավելի քան 80-ը:
Փառատոնի մասին կազմակերպիչների տարածած տեսահոլովակում կազմակերպության նախագահ Լեւոն Հունանյանը հավաստիացնում է, որ վերանորոգել են դիտակի հեռակառավարման լաբորատորիայի տանիքը, որի վատթար վիճակն ազդում էր ամբողջ շինության վրա:
Տեղադրելու են 4 բեմ՝ շրջապատելով 54 մետրանոց աստղադիտակը: Այդ նպատակով մաքրում են նաեւ «գործարանային» տարածքը: Այստեղ երկաթյա տարբեր բեկորների կույտեր կան, որոնք կազմակերպիչները որոշել են օգտագործել որպես դեկորացիա. ուղղակի վերադասավորել՝ թողնելով դրանք նույն տեղում: Քիչ հեռու՝ սարերում թաքնված տեղում էլ լինելու է եզրափակիչ միջոցառման բեմը:
Կազմակերպիչները վստահեցնում են, որ ծրագիրն ունենալու է սոցիալական դրական ազդեցություն՝ բազում զբոսաշրջիկների ներգրավման միջոցով ստեղծելով եկամտի նոր աղբյուր տեղաբնակների համար: Օրգովի բնակիչներին առաջարկել են հյուրընկալել մասնակիցներին իրենց տներում, խորհրդատվությամբ աջակցում են հյուրատնային պայմանների ստեղծմանը: Տեղացիներին արդեն ներգրավել են վերանորոգման աշխատանքներում:
«Միջոցառումն առաջին անգամ է, բայց որոշել ենք ամենամյա դարձնել՝ նույն միջավայրում: Ակնկալում ենք, որ ամեն տարի կավելանա հյուրերի քանակը, հետագայում կնախատեսենք նաեւ գիտական սեմինարներ, մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, ճամբարներ»,- ասում է Լեւոն Հունանյանը:
Ում է պատկանում ռադիոօպտիկական դիտակը
Արագածի գիտական կենտրոնն ու ՌՕԴ-54/2.6 ռադիոօպտիկական աստղադիտակը պատկանում են «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը։ Հետեւապես գիտական կենտրոնի տարածքի եւ աստղադիտակի պահպանության համար պատասխանատու է այդ մարմինը։
Տարածքում գտնվող 4 անտենային էտալոնները ազգային չափանմուշներ են, որոնց պահպանության ու զարգացման համար պետական բյուջեից ամեն տարի 45 միլիոն դրամ է տրամադրվում։
Ընկերությունից տեղեկացնում են, որ հատկապես վերջին 3 տարիներին Արագածի գիտական կենտրոնի տարածքի մուտքի թույլտվության հստակ ընթացակարգ է գործում, եւ մուտքի թույլտվության բոլոր գրություններում անխտիր նշվում է, որ արգելվում է մուտք գործել ՌՕԴ-54/2.6 ռադիոօպտիկական աստղադիտակի հարավային թունելի եւ թասի ներսի հատված`անվտանգության պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված:
Հերունու ԱՏԿ-ի անդամները, սակայն, ազգային մարմնի գործողություններում վերապահում են տեսնում: Հավաստում են, որ Արագածի գիտական կենտրոնի եւ ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակի տարածքում երաժշտական հոլովակի նկարահանումները կամ զվարճանքի արարողությունները «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին»-ը թույլատրում է, մինչդեռ բացասական պատասխան է տալիս կամ անտեսում գիտության ու տեխնիկայի, հատկապես ակադեմիկոս Պարիս Հերունու գիտական ժառանգությանը տեր կանգնելու եւ զարգացման հետ կապված տարբեր կազմակերպությունների եւ անհատների նամակ-առաջարկները:
2022 թվականի սեպտեմբերի 10-12-ը Արագածի գիտական կենտրոնի տարածքում կայանալիք էլեկտրոնային երաժշտության փառատոնի ու քեմփինքի վերաբերյալ ազգային մարմինը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «Արմատ քոմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպության հետ կնքել են թույլտվության պայմանագիր: Դրանով կազմակերպությունն իրավունք է ստանում 2022-ի սեպտեմբերի 5-15-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավոր, անհատույց տիրապետելու եւ օգտագործելու «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ սեփականության իրավունքով պատկանող Արագածի գիտական կենտրոնի անշարժ գույքի որոշակի մասը։
Պայմանագրով ամրագրված է, որ փառատոնի մասնակիցներին եւ կազմակերպիչներին արգելվում է մտնել կամ օգտագործել այն տարածքները, որոնք չեն ներառված միջոցառման անցկացման համար դիտարկված հատակագծի մեջ, մասնավորապես ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակի ու դրան հարող հարավային թունելի հատվածը, ինչպես նաեւ ազգային չափանմուշների համար նախատեսված շինությունները:
Սակայն փառատոնի կազմակերպիչների պատրաստած գովազդային տեսահոլովակում կան պարուհու կադրեր, որոնք պարզից էլ պարզ է, որ դիտակի թասի մեջ են արված:
Ինչ վերաբերում ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակի վերազինմանն ու վերաշահագործմանը, «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին»-ը տեղեկացնում է. «Դիտակը նախկինում չի գործել ռադիոաստղադիտակի կարգաբերման (юстировка) անհնարինության եւ կոնստրուկտիվ համադրման տեսակետից կոպիտ սխալներով կառուցած լինելու պատճառով: Ընդամենը կատարվել են մի քանի փորձնական չափումներ, որոնք ի հայտ են բերել դիտակի կոնստրուկտիվ թերությունները»: Այս առիթով նրանք մեջբերել են ավելի վաղ՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պետական կոմիտեի նախագահի 14.04.2015 թվականի համար 10-Ա/Ք հրամանով ստեղծված աշխատանքային խմբի եզրակացությունը, որ ռադիոդիտակը լուրջ վերանորոգման կարիք ունի, ուստի ի վիճակի չէ գիտության ժամանակակից խնդիրներ լուծելու: «ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը շահագործման վիճակի բերելու համար անհրաժեշտ են հսկայական ներդրումներ, ինչը պետական բյուջեի գիտական եւ գիտատեխնիկական գործունեության համար հատկացվող միջոցներով անհնար է»,- նշված է հրամանում։
Փոխարենը «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը ողջունում է զբոսաշրջության զարգացմանը նպաստող ցանկացած ողջամիտ գաղափար, ինչի շնորհիվ Հայաստանն իր պատմամշակութային եւ գիտական ներուժով կարող է լավագույնս ներկայանալ աշխարհին:
Տեղեկացնենք, որ 2006-ից Արագածի գիտական կենտրոնն իր 14 հանգույցով ընդգրկված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում։ Տարածքում առկա են նաեւ Արագածոտնի մարզի Օրգովի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառված մի շարք խաչքարեր ու կոթողներ, որոնք այստեղ են տեղափոխել 7-11-րդ դարերի գերեզմանոցից կամ «Կուռ թափա» գյուղատեղիից:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։