Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Հարություն Մերդինյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության նժույգ-թափերի վարժության եզրափակիչում հավաքել է 14,733 միավոր եւ ոսկե մեդալ նվաճել Եվրոպայի առաջնությունում:
Եվրոպայի առաջնության առանձին վարժությունների հենացատկի եզրափակիչում ՀՀ մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հավաքել է 14,983 միավոր եւ դարձել Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Նույնքան միավորով Եվրոպայի չեմպիոն է դարձել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը:
Եվրոպայի առաջնության օղակների վարժության եզրափակիչում ՀՀ մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը հավաքել է 14,766 միավոր եւ Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել 4-րդ հորիզոնականը: Ազգային ընտրանու մյուս ներկայացուցիչը` Արթուր Ավետիսյանը վաստակել էր 13,733 միավոր եւ միայն 8-րդն էր: Այս վարժությունում Եվրոպայի չեմպիոն է դարձել Հունաստանի ներկայացուցիչը: