Թուրքական Yeni Şafak պարբերականը հայտնել է, որ եվրոպական մայրաքաղաքների շարքում ամենաէժան գազը ստանում են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի սպառողները։
«Էներգետիկ ճգնաժամի պատճառով բնական գազի սպառողների հաշիվներն ամբողջ աշխարհում արագորեն ավելացել են։ Նախապատրաստվելով խիստ ձմռանը՝ եվրոպացիները պայքարում են բնական գազի աճող հաշիվների դեմ։ Եվրոպական մայրաքաղաքների շարքում ամենաէժան գազն Անկարայում է՝ մեկ խորանարդ մետրի դիմաց 4,68 լիրա (0,25 դոլար)»,- գրում է պարբերականը։
Ամենաթանկ բնական գազը Նիդերլանդներում է՝ 3,01 եվրո մեկ խորանարդ մետրի դիմաց։ Անգլիայի բնակիչները 1,96 եվրո են վճարում, Բեռլինում՝ 1,83 եվրո, Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում՝ 0,56 եվրո։ Աթենքում մեկ խորանարդ մետրի դիմաց գանձում են 1,82, իսկ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում՝ 1,45 եվրո։
Տարեկան 45 միլիարդ խորանարդ մետր բնական գազ կխնայի
Օգոստոսի 9-ին ԵՄ-ում մեկնարկել է գազային արտակարգ իրավիճակների իր ծրագիրը՝ պատրաստվելով էներգախնայողության, եթե Ռուսաստանը լիովին փակի իր գազի փականները: Նախատեսվում է, որ ԵՄ երկրները 2023-ի մարտի վերջին վերջին 5 տարվա միջին սպառման համեմատ 15%-ով կամավոր կնվազեցնեն գազի սպառումը։ Եթե դա չբավարարի, խնայողության միջոցները պարտադիր կդառնան։ ԵՄ հանձնաժողովը նպատակ ունի տարեկան խնայելու 45 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Բացի դրանից՝ կարագացվեն նաեւ տարածաշրջանում գազի պահուստները լրացնելու ջանքերը։
Համաշխարհային պահուստների 24%-ը՝ Ռուսաստանում
Բնական գազն ամբողջ աշխարհում էլեկտրաէներգիայի արտադրության եւ ջեռուցման համար օգտագործվող աղբյուրներից մեկն է։ Ռուսաստանն ունի բնական գազի ամենամեծ պաշարներն աշխարհում։ Ընդհանուր պահուստների մոտ 24%-ը Ռուսաստանի ձեռքում է, իսկ նրա դեմ էմբարգոն գների կրկնապատկման պատճառ է դարձել։ Որոշ երկրներ, ներառյալ Թուրքիան, սուբսիդիաներ կիրառեցին եւ փորձեցին պաշտպանել իրենց սպառողներին թանկացումներից։
Սպասվում է, որ Եվրոպայում բնական գազի ճգնաժամը կխորանա ձմեռային սեզոնին՝ Ռուսաստանից բնական գազի մատակարարման կրճատման եւ էմբարգոյի մասին որոշումների արդյունքում: