Վահե Հախվերդյանը խխունջաբուծության մասին իմացել է մոտ երեք տարի առաջ: Հետաքրքիր ու բազմաթիվ հարցականներով այդ աշխատանքը մասնագիտությամբ ռեժիսոր Վահեին սկզբում մի քիչ անհավանական է թվացել, հետո գրավել է: Սկսել է մտածել իր ֆերման հիմնելու մասին:
Համացանցում մեկ տարվա փնտրտուքը եւ ուսումնասիրությունները, սակայն, ցանկալի արդյունքը չեն ապահովել: Տեղեկությունները համակարգված չեն եղել, մեթոդներն էլ հասկանալու համար միայն տեսական գիտելիքները չեն բավարարել: Համառ փնտրտուքը նրան հասցրել է Եվրոպա: «Խխունջաբուծությունը անասնապահության ճյուղ է, որում բազմաթիվ մեթոդներ կան, որոնք միմյանց հակասում են: Այդ հակասությունները հասկանալու, տարբերակելու համար էլ Հունաստան մեկնեցի՝ կրթություն ստանալու»,- «Ալիք Մեդիա»-ին իր անցած ճանապարհը ներկայացրեց Վահեն:
Վերադառնալով Բյուրականում հիմնադրել է Հայաստանի առաջին ու միակ խխունջաբուծական ֆերման՝ Sunny snails-ը:
Վահեն չի թաքցնում՝ նոր բնագավառում հիասթափություններն ու դժվարությունները քիչ չեն, պետք է ամեն օր պատրաստ լինել նորը սովորելու: «Ցանկացած ոլորտում եւ հատկապես գյուղատնտեսության մեջ համառությունը շատ կարեւոր է»,- նշում է նա:
Նման ֆերմա հիմնելու եւս մի քանի փորձեր են եղել Հայաստանում, սակայն չեն հաջողել: «Ինձ համար այս պահին մեր արձանագրած ամենամեծ հաջողությունն այն է, որ ֆերման գոյություն ունի: Այս կետին հասնելը հեշտ չէր»,- ասում է ֆերմայի հիմնադիրը:
Հիմա խխունջաբուծական ֆերման Բյուրականում զբաղեցնում է 1500 քառակուսի մետր տարածք: Այդ տարածքին համապատասխան բերքի որակ ստացել են, հիմա աշխատում են անհրաժեշտ քանակը ստանալու ուղղությամբ: «Հենց կարողանանք ապահովել համապատասխան քանակը, կփորձենք մի քանի անգամ ընդլայնել նաեւ ֆերմայի տարածքը»,- նշում է ֆերմերը՝ հավելելով, որ դրա համար դեռ հստակ ժամկետ չեն կարող սահմանել, որովհետեւ անընդհատ աշխատանք ու փորձ է պահանջվում:
Ռեժիսորի մասնագիտությունն էլ գործին շատ է օգնում: Վահեն ասում է՝ դրա շնորհիվ շատ ավելի լավ է տիրապետում ամենատարբեր փոխհարաբերություններին: «Գյուղատնտեսությունը շատ ավելի փակ միջավայր է, եւ ռեժիսուրան մարդկանց հետ շփվելու հնարավորություն, փորձի ու գիտելիքի փոխանակման հարթակ է ապահովում»,- նշում է նա:
Հիմա խխունջների «թշնամիները» մկներն ու կաչաղակներն են: Ֆերմայի ցանցապատումն ամբողջական արդյունավետություն չի ապահովում, բայց պայքարը շարունակվում է:
Շուրջ մեկ տարի է՝ ֆերմայի տարածքում գործում է նաեւ համտեսի սրահ: Հյուրերը շատ են, խխունջների հանդեպ հետաքրքրությունը՝ մեծ: «Հյուրընկալում ենք թե՛ հայաստանաբնակների, թե՛ զբոսաշրջիկների: Գալիս են ե՛ւ խխունջների սիրահարները, ե՛ւ նոր համ փորձել ցանկացողները: Եթե մի անգամ այցելում են, հիմնականում մշտական հաճախորդ են դառնում»,- ասում է Վահեն, որ հասցրել է նաեւ խոհարարի մասնագիտությունը յուրացնել:
Վահեն հավատում է, որ խխունջաբուծությունը Հայաստանում մի օր կարող է գյուղատնտեսական տարածված ճյուղ դառնալ, սակայն դրա մասին խոսելը վաղ է համարում: Խնդիրներն այնքան շատ են, որ խխունջաբուծությունը դեռ երկրորդային հարց է. երկրում դասական անասնապահության, բանջարաբուծության զարգացման համար շատ աշխատանք կա անելու:
«Խխունջաբուծությունը, ի տարբերություն գյուղատնտեսության այլ ճյուղերի, ավելի արդյունավետ է ֆինանսական առումով, շատ ավելի մեծ եկամուտ է հնարավոր ստանալ, բայց մինչ այդ երկարատեւ համառ աշխատանք է անհրաժեշտ եւ փորձ: Հայաստանի գյուղերում խնդրահարույց վիճակ է. նախկինում հողերը սեփականաշնորհվել են, ու հիմա դրանք օգտագործել հնարավոր չէ: Ամեն մեկը մի կտոր հող է վերցրել, ո՛չ մշակում է, ո՛չ վաճառում է: Սրանք խնդիրներ են, որոնց լուծումն առաջնային է մյուս հարցերին հասնելու համար»,- ասում է Վահե Հախվերդյանը:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: