Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի նախագահը խոստացել է շահավետ պայմաններով էլեկտրաէներգիա տրամադրել Սերբիային, հայտարարել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Իլհամ Ալիեւի հետ երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։
Վուչիչը Իլհամ Ալիեւին հրավիրել է Սերբիա՝ նոր թափ հաղորդելու երկկողմ համագործակցությանը, հատկապես էլեկտրաէներգիայի ու գյուղատնտեսության ոլորտներում։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը վերստին աջակցություն են հայտնել միմյանց տարածքային ամբողջականությանը եւ ընդգծել, որ Ադրբեջանի եւ Սերբիայի միջեւ հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի:
Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների արդյունքում Սերբիան ու Ռուսաստանը գազի մատակարարման եռամյա պայմանագիր են կնքելու։ Սերբիայի նախագահը, սակայն, չի հստակեցրել՝ ինչ գնով է «Գազպրոմ» ընկերությունը պատրաստվում ռուսական գազը վաճառելու Սերբիային։ Նա միայն ասել է, որ գազի մատակարարման հիմնական դետալների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները շատ շահավետ են Սերբիայի համար: