Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ԵՄ-ն այժմ ավելի ակտիվ դիրք է ստանձնել եւ նկատելի դեր է խաղում հնարավոր ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս ԵԽ նախագահ Շառլ Միշելի, ինչպես նաեւ Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կանոնավոր խորհրդակցությունների եւ այցերի միջոցով:
Փոխլրացնում են միմյանց, ոչ թե մրցում իրար հետ
«Մենք մշտական կապի մեջ ենք, Միշելն անձամբ է ներգրավված: Այս ջանքերը ոչ մի կերպ մրցակցության նպատակ չունեն կամ ուղղված չեն այլ դերակատարների դեմ. պետք է ընդգծեմ սա, քանի որ շատ են շահարկումներն այս հարցի շուրջ: Մենք պետք է խոսենք փոխլրացման, ոչ թե մրցակցության մասին»,– շեշտել է ԵՄ դեսպանը՝ պատասխանելով «Միշելի միջնորդությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի տրամաբանության մե՞ջ է, թե՞ ինչ-որ առումով առանձին կամ զուգահեռ նախաձեռնություն է» հարցին:
Լսում են երկու երկրների ցանկությունները
Անդրեա Վիկտորինը հավելել է, որ երեք եռակողմ հանդիպումները՝ 2021-ի դեկտեմբերին, 2022-ի ապրիլին եւ մայիսին Բրյուսելում, նպատակ ունեին աջակցելու խնդրի կայուն հանգուցալուծմանը: Նա հիշեցրել է, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նախաձեռնել է բարձր մակարդակի հանդիպումներ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւի միջեւ: Վիկտորինը նշել է, որ Եվրամիությունն իսկապես հանձնառու է շարունակելու ջանքերն այդ ձեւաչափերում: Նա հավելել է, որ ԵՄ-ում լսում են երկու երկրների ցանկությունները։
«Ողջունում ենք նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ուղիղ շփումը, որ տեղի ունեցավ հուլիսի 16-ին Թբիլիսիում: ԵՄ-ն ողջունում է ուղիղ կապը, որ հաստատվել է երկու արտգործնախարարների միջեւ: Կարծում եմ՝ բոլոր այս տարրերը միավորվում են, եւ ջանքեր են գործադրվում երկու երկրների միջեւ կայուն լուծում գտնելու նպատակով»,- ասել է ԵՄ դեսպանը։
ԵՄ-ն ուզում է առաջընթաց տեսնել
Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացներին, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշել է, որ ԵՄ–ն տարիներ շարունակ ակտիվ է եղել եւ աջակցել է այդ գործընթացներին: Ուստի, ըստ նրա, ԵՄ–ն ուզում է առաջընթաց տեսնել, քանի որ դա շահավետ է ժողովուրդների համար եւ նոր հնարավորություններ կբացի: