Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ օգոստոսի սկզբից պարենային գործարքի շրջանակում ուկրաինական նավահանգիստներից 721 հազար 449 տոննա հացահատիկ է դուրս բերվել։
«Գործընթացը շարունակվում է։ Հույս ունեմ` առաջիկա օրերին այս ցուցանիշը կավելանա։ Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել, որպեսզի այս գործընթացը չդադարի եւ չդանդաղի»,– ասել է նա։
Ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու եւ ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին բազմակողմ համաձայնագրերը ստորագրվել են Ստամբուլում հուլիսի 22-ին:
Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սեւ ծովով՝ 3 նավահանգիստներից, ներառյալ Օդեսան, ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի եւ պարարտանյութերի դուրսբերում: