ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ լրատվամիջոցներով եւ սոցիալական հարթակներով շրջանառվող լուրը, ըստ որի՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն եւ հակառակ ուղղությամբ ավտոմոբիլային տրանսպորտով հնարավոր տարանցիկ ուղեւորման դեպքում տարանցման ժամանակ ՀՀ տեղական եւ միջազգային նշանակություն ունեցող ճանապարհները փակվելու են, ինչով խոչընդոտվելու է Հայաստանի բնակիչների ազատ տեղաշարժը, չի համապատասխանում իրականությանը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են նաեւ, որ ԱԱԾ-ի՝ շրջանառության մեջ դրված «ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 703-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 3 նոր անցակետերի բացում, որոնցով հնարավորություն կընձեռվի Ադրբեջանից ավտոմոբիլային տրանսպորտով տարանցիկ ուղեւորվել դեպի Նախիջեւանի ԻՀ։
Ըստ ՀՀ ԱԱԾ-ի՝ ներկայում մշակման փուլում են տարանցման հավանական (ավտոմոբիլային) երթուղիները եւ կարգը, որում Հայաստանի բնակչության, ինչպես նաեւ օտարերկրացիների ու վերջիններիս պատկանող տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար որեւէ տեղական եւ/կամ միջազգային (միջպետական) նշանակության ճանապարհի փակում եւ/կամ այլ սահմանափակում չեն նախատեսվում։