Տիտղոսային ընդդիմությունը կամաց-կամաց վերադառնում է արձակուրդից եւ ակտիվության նշաններ է ցույց տալիս:
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն այսօր հանրահավաք է հրավիրել եւ խոստացել, որ «Անկախության շարժումը» պետք է սկսվի օգոստոսի 23-ին եւ ավարտվի սեպտեմբերի 21-ին. հենց այդ օրն էլ Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի Հայաստանի վարչապետ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հարցազրույց է տվել մի քանի լրատվամիջոցի, ամփոփել իրենց գործունեությունն ու խոսել քաղաքական «նոր թատերաշրջանում» անելիքի մասին։
Սկսենք նրանից, որ պայքարի վերջնաժամկետներ նշելն ու իշխանափոխության կոնկրետ օր խոստանալու մարտավարությունը երբեք չեն արդարացրել իրենց։ Ընդհակառակը, նման հայտարարությունները հենց ընդդիմության դեմ են աշխատել, երբ հակառակ սպասումներին՝ նախանշված օրվանից հետո էլ իշխանափոխություն չի եղել։ Փոխարենը հիասթափության հերքական ալիք է բարձրացել։
Էդգար Ղազարյանը պետք է որ իմանար սրա մասին եւ, հաշվի առնելով նախկինների փորձը, նման վերջնաժամկետներ չնշեր։ Չնայած այդ հանգամանքին՝ իշխանափոխության կոնկրետ օր խոստանալը (մանավանդ որ, դատելով արձագանքներից, կրկին գործ ունենք տապալված գործընթացի հետ) ամենատարբեր ենթադրությունների տեղիք է տալիս։
Ամեն դեպքում հստակ է մեկ բան. տիտղոսային ընդդիմությանն ու վերջինիս արբանյակներին այս ընթացքում հաջողվել է միայն մեկ բան՝ իրենց գործողություններով ավելի ամրապնդել իշխանությունների դիրքերն ու նպաստել հասարակության մեջ հիասթափության խորացմանը, թեեւ Իշխան Սաղաթելյանն իր հարցազրույցում պնդում էր, թե գարնանային ակցիաների ժամանակ ձեռքբերումներ էլ են ունեցել։
Նա անգամ թվարկել էր այդ ձեռքբերումները. Թուրքիայի ԱԳ նախարարը երեք անգամ, ապա Ադրբեջանի նախագահն ու անվտանգության ծառայության պետը անդրադարձել են «Դիմադրություն» շարժմանը, սպառնալիքներ հնչեցրել՝ նրանց անվանելով «ռեւանշիստներ»: «Առնվազն այս իմաստով մենք ամբողջ աշխարհին ցույց ենք տվել, որ կա գործընթաց, խախտել ենք երկիրը հանձնելու ժամանակացույցը։ Այս աղետը, որն այս օրերին ունենք, նախատեսված էր ավելի վաղ եւ ավելի մեծ ծավալներով։ Հետեւաբար այս իմաստով ակնհայտ է «Դիմադրություն» շարժման ձեռքբերումները»,- ասել է նա։
Փաստորեն Իշխան Սաղաթելյանը ոգեւորվել է, որ իրենք Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների ուշադրությանն են արժանացել, եւ դա համարում են ձեռքբերում։ ՀՅԴ-ի դեպքում սա միանգամայն բնական է։ Բայց առնվազն տարօրինակ է, որ Սաղաթելյանը ձեռքբերում է համարել «աղետը հետաձգելը», այսինքն՝ իրենց չի հաջողվել կանխել անցանկալի իրադարձությունները, այլ պարզապես հետաձգել են դրանք, եւ ինչպես ինքն է նշում, այս օրերին արդեն այդ աղետն «ունենք»։
Ինչեւէ, հիմա ընդդիմությունը հերթական անգամ իշխանափոխություն է խոստանում. Սաղաթելյանը նշել է, թե «Դիմադրություն» շարժումը սեպտեմբերից մեծ թափով սկսելու է պայքարը։ Բայց մյուս կողմից նա տեղեկացրել է, որ ամենօրյա հանրահավաքներ, բողոքի ցույցեր ու երթեր չեն անելու, այլ պատրաստվելու են «մեծ մարտի»։ Անգամ սեպտեմբերին նրանք ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց չեն նախաձեռնելու, թեեւ ընդդիմադիրներն ավելի վաղ հայտարարել էին, որ օգոստոսից այս հարցը բարձրացնելու են։ Ավելին՝ խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է հասարակության հետ ազնիվ չվարվել եւ չներկայացնել, թե ով է լինելու վարչապետի իրենց թեկնածուն։ Իշխան Սաղաթելյանն այս հարցին այդպես էլ հստակ պատասխան չի տվել՝ փորձելով ամեն կերպ խուսանավել։
Միակ բանը, որում Սաղաթելյանն անկեղծ է եղել, խոստովանությունն է. «Եթե համաժողովրդական ընդվզման պատկերը չունենանք, ո՛չ հրաժարականը, ո՛չ պաշտոնանկությունը չեն ստացվելու»։ Այսինքն՝ նա ընդունել է, որ իրենք, այնուամենայնիվ, չունեն հասարակության լայն զանգվածների աջակցությունը։ Նաեւ փորձել է մեկնաբանել՝ ասելով, որ իրենց գործողությունները դիտարկվեցին որպես պայքար հանուն իշխանության, պայքար նախկինների վերադարձի։ Մեր մեջ ասած՝ այդպես դիտարկողներն ամենեւին էլ չէին սխալվում։ Իսկ եթե, այնուամենայնիվ, այդպես չէ, ընդդիմադիրները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին՝ ցրելով բոլոր նման մտայնությունները։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: