Հայաստանի Միգրացիոն ծառայությունը իրազեկում է Ռուսաստանում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, որոնք այնտեղ են եղել մինչեւ 2021-ի դեկտեմբերի 29-ը եւ մինչեւ այժմ չեն հատել Ռուսաստանի սահմանը եւ այնտեղ են ոչ աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով՝ 90 օրը գերազանցող ժամկետով, կամ ՌԴ-ում են աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով՝ անկախ գտնվելու ժամկետից, չունեն բնակության ժամանակավոր թույլտվություն (РВП), բնակության թույլտվություն (Вид на жительство) կամ քաղաքացիություն, մինչեւ 2023-ի հունվարի 10-ը պետք է անցնեն մատնահետքի (դակտիլոսկոպիկ) հաշվառում եւ լուսանկարում։
Մատնահետքի հաշվառման եւ լուսանկարման ընթացակարգերի մասին մանրամասն տեղեկություն հասանելի է Հայաստանի Միգրացիոն ծառայության կայքում։
Նշված պահանջը սահմանվել է 2022-ի հուլիսի 14-ի 357-Ֆ3 «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի» մասին դաշնային օրենքով եւ ՌԴ առանձին օրենսդրական ակտերով։
Հավաստող փաստաթուղթ՝ 10 տարի ժամկետով
Ընթացակարգի արդյունքների հիման վրա տրամադրվում է մատնահետքի հաշվառման եւ լուսանկարահանման ընթացակարգերի անցումը հավաստող փաստաթուղթ: Տրվում է թղթային լամինացված քարտ կամ էլեկտրոնային պահոցով պլաստիկ քարտ, որը կարող է օգտագործվել 10 տարի ժամկետով:
Գործընթացը չպետք է հետաձգել մինչեւ վերջին օրը
Մատնահետքի հաշվառման եւ լուսանկարահանման ընթացակարգերը հավաստող փաստաթղթի տրամադրումն իրականացվում է միայն Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալների բազայում տեղեկությունները վերբեռնելու փաստի հաստատումից հետո, որը կարող է տեւել մեկ օր կամ ավելի: Դա նշանակում է, որ կարող է պահանջվել երկրորդ այցելություն փաստաթուղթը վերցնելու համար, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ չպետք է այս գործընթացն անցնել վերջին օրը։