ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ oգոստոսի 22-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը եւ STARMUS միջազգային փառատոնի համահիմնադիր, տնօրեն դոկտոր Գարիկ Իսրայելյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի ստորագրմամբ գիտությունների ազգային ակադեմիան պաշտոնապես դարձավ Երեւանում տեղի ունենալիք «STARMUS VI» գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի կազմակերպման գործընկերը եւ աջակիցը:
«STARMUS VI» փառատոնը Հայաստանում կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը եւ նվիրված է լինելու Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին։ Նախկինում փառատոնն անցկացվել է Իսպանիայում, Նորվեգիայում եւ Շվեյցարիայում։
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի համոզմամբ՝ այս փառատոնն առաջին հերթին համագործակցության նոր քննարկումների հնարավորություններ կստեղծի, քանի որ հանրահայտ գիտնականներ, նոբելյան մրցանակակիրներ են այցելելու Հայաստան: Ողջունելով նախաձեռնությունը՝ ակադեմիկոսը նշել է, որ միջոցառումը հատկապես մեծ նշանակություն կունենա երիտասարդ գիտնականների համար:
«Հենց այսպիսի միջոցառումներով պետք է փորձենք մեր երիտասարդ գիտնականներին ուղղորդել, պահել գիտության մեջ»,-ընդգծել է գիտնականը։
STARMUS միջազգային փառատոնի համահիմնադիր, տնօրեն դոկտոր Գարիկ Իսրայելյանը եւս այն կարծիքին է, որ ««STARMUS VI» փառատոնն առաջին հերթին հայ երիտասարդների համար է, որ նրանք չթողնեն գիտությունը։ Ըստ նրա՝ գիտության դերը հասարակության մեջ գնալով ավելի ուժեղանալու է:
«Աստիճանաբար բոլորը հասկանալու են, որ առանց գիտության մարդկությունն ապագա չունի»,- նշել է փառատոնի համահիմնադիրը:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։