ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի համոզմամբ Ուկրաինային դժվար ձմեռ է սպասում։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն հավատարիմ է Ուկրաինայի հետ երկարաժամկետ գործընկերությանը:
«Մենք կօգնենք, որ Ուկրաինան խորհրդային զենքի ստանդարտներից անցում կատարի ՆԱՏՕ-ի չափանիշներին, բարեփոխումներ իրականացնի պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում»,- ընդգծել է Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավարը «Ղրիմի հարթակ» առցանց գագաթնաժողովում:
«Առաջիկա ձմեռը դժվար կլինի, ուստի պետք է երկարաժամկետ աջակցություն ցուցաբերենք, որպեսզի Ուկրաինան պահպանի իր ինքնիշխանությունն ու անկախ պետականությունը»,- նշել է Ստոլտենբերգը։
Այս տարվա հունիսին Մադրիդում անցկացված գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի երկրները պայմանավորվել են մեծացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, ինչպես նաեւ պայմանավորվել են երկարաժամկետ աջակցության համապարփակ փաթեթի շուրջ: