Արտակարգ իրավիճակների նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով անհայտ կորած համարվող՝ 1967-ին ծնված Վանիկ Ամիրխանյանի մասունքները չեն հայտնաբերվել։
Հավանական պայթյունի վայրում որոնողական աշխատանքները վերջին մի քանի օրերի ընթացքում կատարվել են խիստ մանրակրկիտ, որոշ հատվածներում` նույնիսկ կրկնակի։
Ընդլայնված շտաբի նիստում որոշում է ընդունվել դադարեցնել որոնողական աշխատանքները։
Խոսնակը հիշեցրել է, որ առաջացած հրդեհից եւ պայթյունից հետո 43 ժամվա ընթացքում փրկարար ծառայողները փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու, որոնցից 10-ը՝ ողջ, 16-ը՝ մահացած։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը դեռ օգոստոսի 22-ին չէր բացառել, որ որոնվողի մարմինը մոխրացած լինի, սակայն միաժամանակ հավելել է, որ այդ տարածքում 1-1.5 մետր մոխիր է եղել, եւ հնարավոր չի լինի մոխրից փորձաքննություն անել։
«Նկուղի հատվածը նայել ենք, առաջին հարկը՝ նույնպես։ Ինչ վերաբերում է պահեստային հատվածին, այնտեղ 20 ժամից ավելի հրդեհաշիջում էինք անում, քանի որ 500-1000 աստիճան տաքություն է եղել»,– նշել էր Եմիշյանը։
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը նշել էր, որ որոնողափրկարարական աշխատանքների համար մնացել է 40 քմ տարածք։
Հայտնաբերված 16 զոհերի մարմինները նույնականացված են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ «Սուրմալու»-ում զոհված քաղաքացիներից վերջինի մարմինը նույնականացվել է։ Մահացած քաղաքացին անհայտ կորած համարվող, 63-ամյա Գագիկ Կառլենի Կարապետյանն է։
Այսպիսով՝ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերված բոլոր 16 զոհերի մարմինները նույնականացված են։
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին՝ 13։23-ին տեղի ունեցած պայթյունից հետո օգոստոսի 22-ի՝ 14:00-ի դրությամբ հայտնաբերվել է 16 մարդու դի, նրանց թվում՝ 1964-ին ծնված Միսակ Պատվականի Մարգարյանը, 1967-ին ծնված Անահիտ Վազգենի Մխիթարյանը, 1960-ին ծնված Ջեմմա Սարգսի Նազարյանը, 1960-ին ծնված Վարդան Գուրգենի Քոչարյանը, 1966-ին ծնված Գայանե Արտավազդի Ավետիսյանը, 1980-ին ծնված Արամ Կոմիսարի Հայրապետյանը, 2000-ին ծնված Վաչագան Վահագնի Եղոյանը, 1980-ին ծնված Էռնա Մանվելի Գրիգորյանը, 1987-ին ծնված Հարություն Սամվելի Գարաքյանը, 1992-ին ծնված Մարիամ Արմենի Խաչատրյանը, 1994-ին ծնված Սիրարփի Արմենի Խաչատրյանը, 2018-ին ծնված Մարատ Կարենի Շահբազյանը, 1976-ին ծնված Հրաչյա Ֆանբերգի Սարգսյանը, 1951-ին ծնված Արտավազդ Հայրապետյանը, 1970-ին ծնված Անահիտ Զարզանդի Խալաթյանը եւ 1959-ին ծնված Գագիկ Կարապետյանը։
Օգոստոսի 14-20-ը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել է ՓԾ տարածքային եւ կառուցվածքային ստորաբաժանումների 1189 փրկարար։
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ այս օրերին ցավակցական ուղերձ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, եվրոպական եւ միջազգային կառույցների այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ Ռուսաստանի, Սերբիայի եւ Վրաստանի նախագահները, Վրաստանի վարչապետը։
Զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին զորակցություն են հայտնել նաեւ Հայաստանում Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Ալբանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչությունները, ինչպես նաեւ պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, Վրաստանի, Հունաստանի, Կիպրոսի եւ Բուլղարիայի արտգործնախարարությունները եւ ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը եւ օտարերկրյա այլ պաշտոնատար անձինք։