Աշխատանքային օրենսգրքում հնարավոր է փոփոխություն կատարվի եւ պետական ու տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին լրավճար տրվի բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար։
Բարձրլեռնային են համարվում ծովի մակերեւույթից 2000 եւ ավելի մետր բարձրության վրա գտնվող բնակավայրերը։ Դրանց ցանկը, ինչպես նաեւ լրավճարի չափն ու վճարման կարգը Կառավարությունը սահմանելու է օրենքի փոփոխության ընդունումից հետո։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած օրենսդրական առաջարկն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին։
Օրինագծի վերջնական ընդունումից ու օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում Կառավարությունը պետք է ընդունի լրավճարի տրամադրման կարգը սահմանող որոշումը: