ՀՀ Կառավարությունը որոշել է սեպտեմբերի 1-ից եւս 300 տոննայով ավելացնել սիգի արդյունագործական որսի ծավալները եւ Սեւանում որսի ժամկետը երկարաձգել մինչեւ նոյեմբերի 20-ը։
Աշնանային որսաշրջանի համար նախատեսված որսաքանակը սահմանվել է ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, «Սեւան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի, Գեղարքունիքի մարզը ներկայացնող ԱԺ պատգամավորների, ինչպես նաեւ ձկնորսների եւ այլ շահագրգիռ անձանց հետ քննարկումների ընթացքում։
2022-ի մարտի 1-ից Սեւանա լճում պաշտոնապես մեկնարկած արդյունագործական որսի համար մինչեւ սեպտեմբերի 1-ը սահմանված է եղել 300 տոննա սիգի չափաքանակ։ Կառավարության ներկայացրած պաշտոնական տվյալներով` սիգի որսը գործնականում մեկնարկել է 2022-ի ապրիլի 21-ից, նախապատրաստվել է 571 պայմանագիր 300 տոննա ձկան համար, 295,8 տոննայի համար փաստացի կնքվել է 567 պայմանագիր:
Որսի չափաքանակն ավելացնելու արդյունքում այս տարի պետական բյուջե կվճարվի 19,5 միլիոն դրամ բնօգտագործման վճար։
Ավելի վաղ՝ 2021-ի դեկտեմբերի 20-ից մինչեւ 2022 թվականի հունվարի 15-ը սիգի որսն ու վաճառքը բացառվել էին: Այդ նպատակով հսկողության ուժեղացված միջոցառումներ էին ձեռնարկվել Սեւանա լճում ու Հայաստանի ամբողջ տարածքում: Արգելվել էր բոլոր տեսակի որսագործիքների ու լողամիջոցների մուտքը Սեւանա լիճ:
Հսկողության խստացման որոշումը պայմանավորված էր սիգ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով: