Պետական տոների առթիվ բարձրաստիճան պաշտոնյաների ուղերձներին առանձնապես մեծ ուշադրություն չեմ դարձրել: Մի պարզ պատճառով. դրանք հայրենասիրական շարադրությունների շարք էին հիշեցնում՝ ամբողջությամբ համեմված պաթոսով ու վերամբարձ խոսքերով:
2020-ին Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը «խախտեց» ավանդույթը: Վարչապետի տեքստն աննախադեպ էր. բավական ծավալուն ուղերձում գերազանցապես թվարկված էին անցած 30 տարիներին Հայաստանում տեղի ունեցած բոլոր վատ երեւույթները, եւ այդ համատեքստում փորձ էր արվել հերթական անգամ արժեւորելու իրենց «ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը», թե՝ նախորդ 30 տարիների հաջողություններն ամրագրելու եւ ձախողումները շտկելու պատմական հնարավորություն է ստեղծվել: Պատահական չէ, որ այդ ուղերձը բուռն քննադատության արժանացավ. քաղաքական դաշտի հիմնական դերակատարների համար ընդունելի չեղավ նման ոճը:
Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի առթիվ երեկվա ուղերձը բոլորովին այլ ժանրից էր. այն ավելի շուտ հիշեցնում էր «մուննաթների շարան»՝ ուղղված բոլորին, եւ անուղղակիորեն մատնում էր այն ծանր իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը:
Փաշինյանը նախ նշել է, որ անկախության «գործընթացը չի ավարտվել մինչեւ օրս», ապա ասել, թե Կառավարությունն ամեն օր պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության համար: Վարչապետը խոսել է անվտանգությունից՝ ընդգծելով, որ դա ապահովող միջազգային կառուցակարգերը բոլորիս աչքի առաջ ճաք են տալիս: Հետո անդրադարձել է հարեւան պետությունների հետ հարաբերություններին:
«Անկախությունը կարգավորված հարաբերություններ են հարեւանների հետ. մենք թեեւ մեր հարեւաններից մի մասի հետ ունենք փայլուն հարաբերություններ, մյուս մասի հետ հարաբերություններում որեւէ էական առաջընթաց չի արձանագրվում, որովհետեւ նրանք չափազանց մեծ գին են պահանջում մեզնից կամ էլ համարում են, որ մենք ենք իրենցից չափազանց մեծ գին պահանջում»,- ասել է նա ուղերձում:
Ակնհայտ է, որ «խաղաղության դարաշրջանի բացման» գործում ինչ-որ բան այն չէ։ ՀՀ իշխանությունները չեն հերքում լուրերը, թե եռակողմ հայտարարության դրույթները նախատեսված ժամկետից շուտ իրագործելու բանավոր խոստումներ են տվել։ Հիմա եկել է պայմանավորվածությունները կատարելու ժամանակը, եւ տարբեր ճակատներում Հայաստանի շուրջը օղակի սեղմվելը հենց այդ հանգամանքով է պայմանավորված, քանի որ իշխանություններն, այնուամենայնիվ, փորձում են խուսանավել լուծումների գնալուց։ Խնդիրներ կան Սյունիքի մարզով անցնող ճանապարհի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման հարցում։ Պատահական չէին երեկ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի խոսքերը, երբ հարցազրույցում Հայաստանին մեղադրել է երկկողմ հարաբերությունների նորմալացման գործընթացում անկեղծ չլինելու համար: Նա հիշատակել է «Զանգեզուրի միջանցքի» մասին եւ հարցադրում հնչեցրել, թե. «Դու այն ասա՝ իրականում տարածաշրջանում խաղաղություն ուզո՞ւմ ես, թե՞ ոչ»:
Սակայն Փաշինյանի ուղերձում ամենից շատ աչքի էր զարնում դաշնակիցների հասցեին քողարկված քննադատությունը: «Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլեւ նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ»,- նշել է նա:
Մի կողմ թողնենք այն պարզ իրողությունը, որ ցանկացած երկիր իր քաղաքականությունը վարում է՝ հիմքում ունենալով սեփական շահը։ Ըստ այդմ՝ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունենալը չի նշանակում, որ այդ պետությունը պարտավոր է բարիդրացիական հարաբերություններ չունենալ Հայաստանի հակառակորդ երկրների հետ։ Սա դասագրքային ճշմարտություն է, որը հազիվ թե որեւէ մեկը չհասկանա։
Եթե Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն է անում, նշանակում է՝ դաշնակից պետությունների հետ հարաբերություններում ճգնաժամ կա, որը գնալով խորանում է։ Այդ ճգնաժամը պայմանավորված է հենց 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակով եւ ըստ այդմ նախատեսված քայլերի իրականացման հրամայականով: Ընդ որում, թեեւ վարչապետը կոնկրետ երկրի անուն չի նշել, սակայն ակնհայտ է՝ այս խոսքերն առաջին հերթին ուղղված են ՌԴ-ին:
Միայն թե ՌԴ-ի վրա «մուննաթ գալուց» առաջ արժեր մտածել նաեւ դրա հետեւանքների մասին. ինչ-ինչ, բայց ռուսական կողմը նման «խաղերը» չի ներում, եւ հաճախ հակահարվածները սպասվածից ավելի ցավոտ են լինում։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: