Միացյալ Նահանգների օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) մամուլի ծառայությունից հայտնել են, որ DART տիեզերական զոնդ-կամիկաձեն կբախվի աստղակերպի։
DART–ն աշխարհում առաջին առաքելությունն է, որը փորձարկում է վտանգավոր աստղակերպերից կամ գիսաստղերից Երկրի պաշտպանության տեխնոլոգիան, եւ այն սեպտեմբերի 26-ին բախվելու է Երկրին չսպառնացող աստղակերպի հետ։
DART-ը գործարկվել է Երկրից անցած տարվա նոյեմբերին։ Գիտնականների մտահղացմամբ` տիեզերանավը պետք է բախվի Դիդիմա աստղակերպի շուրջը պտտվող Դիմորֆ փոքր աստղակերպին։ Դիմորֆի տրամագիծը մոտ 150 մետր է, եւ այն Երկրի համար վտանգավոր չէ։
ՆԱՍԱ–ում նշում են, որ գիտափորձը, որի ընթացքում 633 կգ կշռող զոնդը կբախվի աստղակերպին 24 հազար կմ/ժ արագությամբ, հնարավորություն կընձեռի պարզել ինքնուրույն նավիգացիայի հնարավորություններն ու աստղակերպին հարված հասցնելու ունակությունը, ինչը կփոխի նրա շարժման հետագիծն այնքան, որ դա տեսանելի կլինի ցամաքային հեռադիտակների օգնությամբ։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ մտադիր չեն ոչնչացնել աստղակերպին, պարզապես ուզում են փորձարկել Երկրի համար վտանգավոր տիեզերական մարմինների շարժման հետագծի վրա ազդելու հնարավորությունը։