Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ Արցախի Սահմանադրության 51-րդ հոդվածն ամրագրում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու յուրաքանչյուրի իրավունքը։
«Այս իրավունքն ապահովելու համար ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերում նախատեսված է նաեւ պետական տարբեր մարմինների՝ «թույլատրելի» սահմաններում հրապարակային գործելու պարտականությունը: Արցախի Հանրապետության քաղաքացիներն ունեն Արցախում եւ նրա շուրջը տեղի ունեցող իրադարձությունների մասին իրազեկված լինելու իրավունք եւ բարոյական անհրաժեշտություն:
Պաշտպանը շեշտել է, որ այդ իրավունքը վերաբերում է նաեւ այնպիսի իրադարձություններին, որոնք առաջիկա ծրագրեր են եւ ուղղակիորեն առնչվում են անձնական եւ հանրային կյանքի կազմակերպման որոշակի գործընթացների (ճանապարհների կառուցում եւ երթուղիների փոփոխություն, համացանցի ապահովում, էներգա- եւ գազամատակարարում, կապի այլ միջոցների անցկացում եւ այլն):
«Նման հարցերում կառավարության անգործությունը կամ պասիվությունը հանրության շրջանում մեծացնում է անորոշության զգացողությունը, հավելյալ մտահոգության եւ անհանգստության պատճառ դառնում»,- ընդգծել է Գեղամ Ստեփանյանը:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը վերոնշյալ հետեւանքներից խուսափելու համար Արցախի կառավարությանը կոչ է արել լիարժեքորեն ապահովելու տեղեկացված լինելու՝ Արցախի քաղաքացիների իրավունքը եւ հանրային կյանքին առնչվող հարցերի շուրջ պարբերաբար, ժամանակին եւ պատշաճ կերպով հանդես գալու իրազեկող հայտարարություններով։