Հայաստանյան հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որով խստորեն դատապարտում են 2022-ի օգոստոսի 24-ին՝ ժամը 18-ին, Երեւանի Ազատության հրապարակում՝ Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի կես տարվա կապակցությամբ Հայաստանի եւ օտարերկրյա մի խումբ քաղաքացիների կազմակերպած հակապատերազմական բողոքի ցույցը խոչընդոտելու եւ առաջին իսկ րոպեներին կազմակերպիչներին, ապա նաեւ շարքային մասնակիցներին ոստիկանական բաժանմունք բերման ենթարկելու փաստը:
Հայտարարությունում ընդգծված է, որ փաստացի ՀՀ ոստիկանությունն առանց պարզաբանումների ձերբակալություններ է կատարել Ազատության հրապարակում: Նախնական տվյալներով ոստիկանական բաժանմունք բերման է ենթարկվել 20 անձ: Ձերբակալվածների մեջ է ռուս հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը: ՀՀ ոստիկանությունը չի թույլատրել անգամ բացել բողոքի պաստառները:
«Այսպիսով ականատես ենք լինում հետադիմական եւ բռնատիրական երկրներում կիրառվող պրակտիկայի ներդրման մեր երկրում:
Մենք խստորեն դատապարտում ենք ոստիկանության գործողությունները: Մարդու իրավունքները, հավաքների ազատությունը եւ խոսքի ազատությունը գերագույն արժեք պետք է լինեն Հայաստանում: Ոստիկանությունից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին եւ հրապարակային բացատրություն տալ այս ապօրինության համար»,- ասված է հայաստանյան հայտարարության մեջ:
Ազատության հրապարակում օգոստոսի 24-ին բողոքի ցույցի խոչընդոտումն ու ձերբակալությունները դատապարտող հայտարարությանը միացել են Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն Հկ-ն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը, Իրազեկ քաղաքացիների միավորումը, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ն, «Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստան» ՀԿ-ն, Հանրային լրագրության ակումբը եւ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն։