Արցախից հաստատեցին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված այն լուրը, թե օգոստոսի 22-ին Ադրբեջանի «Մելիորացիա եւ ջրային տնտեսություն» ընկերության ներկայացուցիչները հայ մասնագետների հետ այցելել են Սարսանգի ջրամբար, դիտարկել են տարածքն ու քննարկել ջրային ռեսուրսների փոխշահավետ օգտագործման հարցը։
Այս լուրը շատ արագ տարածվեց նաեւ հայկական լրատվամիջոցներում եւ անհանգստություն առաջացրեց։ Եվ հավանաբար Արցախից այդ բանակցությունների մասին տեղեկություններ չէին հրապարակի, եթե Ադրբեջանի մամուլն այդ մասին չգրեր։
Պարզվում է, 44-օրյա պատերազմից հետո սա այդ նպատակով ադրբեջանցիների առաջին այցը չէ։ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ 2021 թվականի փետրվարից ռուս խաղաղապահների միջնորդությամբ նման այցեր պարբերաբար եղել են խմելու եւ ոռոգման ջրերի օգտագործման շուրջ փոխադարձ պայմանավորվածություններ ձեռք բերելու եւ խնդիրների կարգավորման համար: Անգամ Արցախի ներկայացուցիչներն են գնացել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ։ «Այդ շրջանակում հերթական հանդիպումը կազմակերպվել էր Սարսանգի ջրամբարի մոտ՝ ջրամբարի ջրերի փոխշահավետ օգտագործման հարցի քննարկման նպատակով»,- նշված է շտաբի հաղորդագրության մեջ:
Սարսանգի ջրամբարի վրա Ադրբեջանը վաղուց աչք ուներ։ Այն Արցախի հյուսիսում է՝ Մարտակերտի շրջանի անմիջապես սահմանամերձ հատվածում։ Ոչ միայն Արցախյան առաջին, այլեւ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը շատ ջանաց, բայց չկարողացավ ջրամբարը վերցնել իր վերահսկողության տակ։ Իսկ անցած տարի անգամ սպառնում էր ջրամբարը սնող Թարթառ գետի հունը փոխել, որ այնտեղ թափվող ջուրն իրենով աներ։ Ադրբեջանը շատ լավ գիտի Սարսանգի հնարավորությունները եւ շատ ծանր է տարել դրա կորուստը։
Սարսանգի ջրամբարը շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Որպեսզի հասկանալի լինի դրա կարեւորությունը հայկական երկու պետությունների, ինչու չէ, նաեւ Ադրբեջանի համար, նախ նշենք, որ անգամ Հայաստանը չունի նման խոշոր՝ 600 միլիոն խորանարդ մետր տարողության ջրամբար։ Հայաստանի ամենախոշոր՝ Ախուրյանի ջրամբարն ունի 550 խմ տարողություն, բայց մինչ օրս հավասար սկզբունքներով օգտագործվում է Թուրքիայի հետ, քանի որ հայ-թուրքական սահմանին է ու լցվում է մեր երկու երկրներից հոսող ջրերով։
Խորհրդային տարիներին Սարսանգի ջրամբարից օգտվում էր հիմնականում Ադրբեջանը, ոռոգում էր 6 շրջանների՝ Թարթառի, Բարդայի, Աղդամի, Գորանբոյի, Եվլախի եւ Աղջաբեդի շուրջ 110 հազար հեկտար հողերը։ Արցախում ընդամենը 15 հազար հեկտար էր ոռոգվում։ Եվ առաջին պատերազմից հետո, երբ ջրամբարն անցավ հայկական կողմի վերահսկողության տակ, Ադրբեջանի այդ հողերը մնացին առանց ջրի։
Սարսանգի ջուրը չէր ջրում նաեւ Արցախի Մարտակերտի ու Մարտունու հողերը, քանի որ ջրաբաշխիչ կայանն անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ եւ ավերվել էր։ Անցած երկու տասնամյակում Սարսանգի ջուրն օգտագործվել է հիմնականում էներգետիկ նպատակներով՝ աշխատեցնելով «Արցախ ՀԷԿ»-ը եւ ապահովելով հանրապետության էլեկտրաէներգիայի շուրջ 60 տոկոսը։
ՀԷԿ-ի օգտագործած ջուրը թափվել է Թարթառ գետը, եւ ճիշտ է, հոսել է դեպի Ադրբեջան, բայց ոռոգման համար հնարավոր չի եղել օգտագործել, քանի որ ենթակառուցվածքները եղել են երկու հանրապետությունների վերահսկողության տակ, եւ առանց փոխադարձ համաձայնության հնարավոր չի եղել օգտագործել։ Ադրբեջանին անգամ հաջողվել էր 2016 թվականին ԵԽԽՎ-ում իր համար նպաստավոր բանաձեւ ընդունել տալ, թե Արցախն իր այդ շրջանները միտումնավոր զրկում է ջրից, բայց միեւնույնն է, մինչ օրս չի կարողացել օգտագործել Սարսանգի ջուրը։
Արցախի Ազգային ժողովի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը, այնուամենայնիվ, «կառուցողական» է համարում ջրամբարի ջրերն օգտագործելու վերաբերյալ այս երկկողմ քննարկումները։ «Իրենք միգուցե ուզում են կայանը վերանորոգել։ Համենայնդեպս ոռոգման ջուրը կօգտագործվի այնպես, ինչպես նախկինում էր։ Եթե համաձայնություն լինի, իրենց հսկողության տակ անցած Աղդամով ջուրը կարող են հասցնել նաեւ Արցախի Ասկերանի եւ Մարտունու շրջաններ, եւ երկու կողմերն էլ կօգտագործեն»,- ասում է Աթանեսյանը։
«Եթե կա համագործակցության այդպիսի առաջարկ, կարծում եմ, դա շատ լավ է։ Բայց դրանից առաջ պետք է շատ լուրջ քննարկվի, թե ինչ են նրանք առաջարկում, մենք ինչին ենք համաձայն։ Եթե կան համագործակցության եզրեր, ինչո՞ւ ոչ»,- ասում է ՀՀ Ջրային կոմիտեի նախկին ղեկավար Ինեսա Գաբայանը։
44-օրյա պատերազմից հետո Քարվաճառի հետ Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել նաեւ Արցախի ջրային ռեսուրսների մեծ մասը, այդ թվում՝ նույն Սարսանգի ջրամբարը սնող Թարթառ գետի վերին հոսանքը։ Եվ պատերազմից հետո անգամ Ադրբեջանն այդ հատվածում ծանր տեխնիկա էր տեղակայել՝ սպառնում էր գետի հունը փոխել այնպես, որ հոսի միայն իր տարածքով։ Բայց Թարթառի հունը փոխելը գետի վրա ՀԷԿ կառուցել չէ, շատ ծանր, ահռելի ռեսուրսներ ու երկար ժամանակ պահանջող ծրագիր է։ Այնքան դժվարիրագործելի, որ Ադրբեջանը հավանաբար հրաժարվել է այդ գաղափարից եւ Արցախի հետ ջրերը համատեղ օգտագործելու քննարկումներ նախաձեռնել։
Իսկ Թարթառի վրա երկրորդ ՀԷԿ-ը կառուցելու ծրագրեր ունեն արդեն Արցախի իշխանությունները։ Դա էականորեն կմեծացնի նրանց էներգետիկ հզորությունները։
«Պարզապես քննարկումների մասին ի սկզբանե պետք է տեղեկացնեին, թե չէ շոկային վիճակ է առաջացնում։ Հենց առաջին հանդիպումներից հայտնեին, որ շփումների մեջ են։ Ենթադրում եմ՝ վաղը նման քննարկումներ կունենա նաեւ «Արցախէներգոն»։ Ի վերջո ենթակառուցվածքները պետք է կարգավորվեն, հնարավորինս անվտանգ, երաշխավորված լինեն։ Եվ այդ շփումները, ինչու չէ, ինչ-որ փուլում կարող են վերածվել քաղաքական քննարկումների։ Չէ՞ որ ամեն ինչի հիմքը տնտեսությունն է, ենթակառուցվածքները։ Կարճ ասած՝ ես այդ շփումներում բացասական բան չեմ տեսնում»,- եզրափակեց Աթանեսյանը։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։