ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հայաստանում առայժմ կապիկի ծաղիկ հիվանդության ոչ մի դեպք չի գրանցվել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսմամբ՝ կապիկի ծաղիկի տարածման վտանգ կա (ոչ էնդեմիկ երկրներում)։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանում գրանցվել է կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակվելու առաջին դեպքը։ Վարակի դեպքեր են հայտնաբերվել նաեւ Ռուսաստանում, Վրաստանում եւ Թուրքիայում։
Առողջապահության նախարարությունից հայտնել են նաեւ, որ ՀՀ սահմաններում շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները՝ վարակի ներմուծումը կանխելու համար։ Ավելին` Հայաստանն արդեն համալրվել է թեստերով` վարակի դեպքերը հայտնաբերելու եւ վերահսկելու համար։
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով մայիսի 28-ից մինչեւ նոյեմբերի 28-ը արգելվել է ՀՀ տարածք պրիմատների եւ կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը եւ դրանց փոխադրումը ԵԱՏՄ անդամ երկրից կամ տարանցիկ փոխադրումը հանրապետության տարածքով։
Օգոստոսի 17-ի դրությամբ աշխարհի 92 երկրներում գրանցվել է կապիկի ծաղիկի 35 հազար դեպք, մահացել է 12 մարդ։