Մեկնարկում է բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը։
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից հայտնել են, որ ՀՀ պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոններով դիմորդը հայտագրվում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի dimord.am կայքում սեպտեմբերի 5-25-ը՝ ժամը 18-ը:
Դիմորդն իրավունք ունի մասնակցելու 1 բուհի մինչեւ 3 մասնագիտությունների վճարովի մրցույթին
Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում եւ անցկացնում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնը: Քննություններն անցկացվում են գրավոր՝ թեստերի միջոցով: ՀՀ ամբողջ տարածքում դիմորդները յուրաքանչյուր առարկայի քննությունը հանձնում են միեւնույն օրը: Քննությունների օրերը, ըստ առարկաների, հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը:
Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ եւ ցանկացած հաջորդականությամբ հայտագրում է մասնագիտությունները (կրթական ծրագրերը) եւ տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված առավելագույնը երկու ընդունելության քննությունները: Ըստ ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչեւ երեք մասնագիտությունների (կրթական ծրագրերի) վճարովի մրցույթին, որոնց համար սահմանված են ընդունելության միեւնույն քննությունները։
Բուհ ընդունվածների ցանկերը հաստատվում են մինչեւ հոկտեմբերի 30-ը
Միասնական քննություններն անցկացվում են հոկտեմբերի 20-27-ը: Ներբուհական քննությունների անցկացման համար բուհերը կարող են սահմանել այլ ժամկետներ: Քննություններն անցկացվում են քննական կենտրոններում, որոնց ցանկը մինչեւ տվյալ տարվա հոկտեմբերի 5-ը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը:
Բուհ ընդունված դիմորդների ցուցակները հաստատվում են մինչեւ հոկտեմբերի 30-ը:
Ներբուհական քննությունների անցկացման համար ԳԹԿ-ի տնօրենի հրամանով մինչեւ տվյալ տարվա սեպտեմբերի 27-ը ստեղծվում են առարկայական քննական հանձնաժողովներ:
ՀՀ պետական բուհերին հատկացվել է 7726 հեռակա ուսուցման ընդունելության տեղ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2022/2023 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության տեղերն ըստ բուհերի եւ մասնագիտությունների։
Ըստ այդմ՝ ՀՀ պետական բուհերին հատկացվել է 7726 հեռակա ուսուցման ընդունելության տեղ։ Համաձայն հրամանի՝ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներն ուսման վարձի չափը պետք է սահմանեն ոչ ավելի, քան առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված ուսման վարձի չափը: