Տնտեսագետ Ծովինար Միսկարյանը 16-ական հայկական գորգանախշ ու զարդանախշ ասեղնագործող նմուշ է մշակել հատուկ ծրագրի միջոցով։ Նա «խելացի» կարի մեքենային տալիս է իր մշակած կարգավորումներն ու հրահանգները, եւ մեքենան անում է գործը։
Ծովինարը դեռ մանկուց տատի հետ Տավուշի մարզի Արճիս գյուղում գորգեր է գործել եւ յուրացրել շատ գաղտնիքներ։ Հայկական գորգանախշերն ու զարդանախշերը ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում ճանաչելի դարձնելու եւ տարածելու նպատակով 2019-ին նա սկսեց «Ամենահայկական» նախագիծը։ Նրա հիմնադրած «ՄԻՍՄԱ» ընկերությունը, որը ստեղծվել էր 2004-ին ու տպագրությամբ էր զբաղվում, 15 տարի անց փոխեց ուղղությունը՝ անցնելով հայկական գորգանախշերով ու զարդանախշերով բարձերի, սփռոցների, հուշանվերների, պայուսակների, գոտիների, շապիկների, բացիկների արտադրությանը։
Այժմ «ՄԻՍՄԱ»-ն հիմնականում գորգանախշ ասեղնագործ բարձեր է արտադրում։ Հայկական գորգանախշերով ու զարդանախշերով արտադրատեսակները՝ հատկապես բարձերը, գրավում են ոչ միայն հայերի, այլեւ օտարերկրացիների ուշադրությունը։
Մեքենայացված ասեղնագործությունը ծրագրավորելը բարդ եւ աշխատատար էր։ Երկար ժամանակ ուսումնասիրություններ է կատարել, թանգարաններում պահպանվող գորգերի եզակի նմուշներ է հետազոտել։ Տնտեսագետ լինելն ու մասնագիտական գիտելիքներն օգնել են նաեւ նախշերի թվայնացման գործում։
«Կարի մեքենաներն ու մյուս սարքավորումները ձեռք բերելուց հետո եռանդով աշխատանքի անցա։ Հայկական զարդանախշերն ու գորգանախշերը բիզնես-խողովակով անցկացնելու գաղափարը կյանքի կոչելու եւ նորովի ներկայացնելու իմ ձգտումն, իսկապես, մեծ էր։ Տատիկներիցս սովորած հմտությունները եւ ծնողներիցս ստացած գիտելիքները շատ էին օգնում։ Իմ մեջ տպավորվել են նախշերը, գույները, չափերը․․․ Հետո մեր թիմին միացան նաեւ մարդիկ, որոնք իսկապես սիրում են այս աշխատանքը»,- պատմում է Ծովինար Միսկարյանը։
Աշխատանքի ընթացքում օգտագործվող կտորներն ու թելերն ընտրելիս եւս Ծովինարը բծախնդիր է։ Նրանք, ովքեր ուզում են հայկական զարդանախշերով ու գորգանախշերով ապրանքներ գնել, պետք է համոզվեն, որ դրանք իսկապես հայկական են։ Նա այս հարցի լուծումը եւս գտել է։
«Կազմել ենք ոչ միայն հայալեզու, այլեւ օտարալեզու գրքույկներ, որտեղ նշվում են՝ ո՛ր նախշերը ո՛ր գորգից են վերցված։ Հայկական գորգերի մի մասն անուններ ունի։ Երբեմն պատվիրատուն ինքն է ցանկանում որոշել, թե ինչ նախշով եւ գույնով պետք է զարդարված լինի իր նախընտրած արտադրանքը։ Արդեն մոտ 50 երկրից գնել են մեր արտադրանքը»,- ասում է Ծովինար Միսկարյանը։
Բազմաթիվ ցուցահանդեսների են մասնակցել։ 2021-2022-ին «ՄԻՍՄԱ»-ի հայկական ասեղնագործ գորգանախշ բարձերը մոտ վեց ամիս ներկայացվել են «Էքսպո Դուբայ-2020» համաշխարհային ցուցահանդեսիհայկական տաղավարում։
Այժմ «ՄԻՍՄԱ»-ի ստեղծած արտադրանքն արտահանելու ծրագրեր են մշակվում։ Ծովինար Միսկարյանը դեռ շատ գաղափարներ ունի, որոնք պետք է կյանքի կոչի։ Առաջիկա ծրագրերի վերաբերյալ դեռեւս փակագծեր չի բացում։ Այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են կատարվում։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։