«Լեռնային հրաշք մեղրը» մինչեւ սպառողի սեղանին հասնելը մի քանի տարվա բարդ, բայց հաջողված ճանապարհ է անցել: 2016 թվականն էր, երբ կանադական «ԱՏԳԵՆ Արմենիա» հիմնադրամն ու «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն Վայոց ձորում մեղվաբուծության զարգացման ծրագիր մեկնարկեցին: Գլաձոր բնակավայրից Նարեկ Սարգսյանն էլ, դառնալով ծրագրի պատասխանատուն, եղավ նաեւ առաջին շահառուն:
Ծրագրի գլխավոր նպատակն է համայնքաբնակ ընտանիքներին, որոնք հետաքրքրված են մեղվաբուծությամբ, տալ հնարավորություն՝ դրանով զբաղվելու եւ եկամուտ ապահովելու: 2016-ին կայացած ծրագիրը հայտարարվեց նախնական: «Փորձում էինք հասկանալ՝ իմաստ ունի՞ Վայոց ձորում նման նախագիծ իրականացնել, հեռանկարայի՞ն է, թե՞ ոչ»,- հիշում է Նարեկ Սարգսյանն ու ոգեւորությամբ շարունակում՝ ամեն ինչ հաջող է անցել:
Նախնական փուլից հետո՝ 2017-ին, արդեն ընդգրկվել են Եղեգնաձորի շրջանի մի քանի գյուղեր՝ Չիվան, Մալիշկան, Արենին: Սա եւս պիլոտային է եղել՝ գյուղերի համագործակցության հնարավորությունները հասկանալու համար: Բոլոր շահառուներին ընտրել է Նարեկը: Մի քանի պայման են կարեւորել. ընտրված անձինք պետք է առնվազն նախնական տեղեկություններ ունենային մեղվաբուծությունից, պատրաստ լինեին մասնակցելու դասընթացներին:
Նախագծով ընտրված շահառուներից յուրաքանչյուրին անվճար տրամադրել են 5-ական մեղվաընտանիք՝ փեթակով: Շահույթ չեն հետապնդում, բայց կարեւոր սկզբունք ունեն՝ բարեգործությունը շարունակական պետք է լինի: Յուրաքանչյուր շահառու իր բերքի 10 տոկոսը հատկացնում է կազմակերպությանը, որ վերջինս անապահով ընտանիքներին մեղր տրամադրի: Արդեն երկու անգամ էլ սահման՝ զինծառայողներին են հասցրել մեղրը: Շահառուներն իրենց տրամադրված փեթակները վաճառելու իրավունք չունեն:
Տարեցտարի մեծացել է թե՛ շահառուների, թե՛ նախագծին միացած համայնքների թիվը: Այժմ նախագծում Վայոց ձորի 12 համայնքի 30 շահառուներ՝ 218 մեղվաընտանիքով, ներկայացնում են 12 տեսակի մեղր:
2019-ին վայոցձորյան մեղրով ներկայացել են «Արմենիա էքսպո»-ին, հենց այդ ժամանակ էլ ընտրել ապրանքանիշի անունը: Բազմաթիվ են եղել համագործակցության առաջարկները տարբեր սուպերմարկետներից, կազմակերպություններից, սակայն այս փուլում, ըստ Նարեկի, դեռեւս ռիսկային է խոշոր պայմանագիր կնքելը. մեղրի անհրաժեշտ բերքն ապահովելու համար պետք է ընդլայնեն արտադրության ծավալները:
«Այժմ համապատասխան լիցենզիա ստանալու գործընթացում ենք, որ «Լեռնային հրաշք մեղրը» ներկայացնենք հնարավորինս շատ հարթակներում: Նպատակ ունենք տարեցտարի մի քանի անգամ մեծացնելու ծավալները»,- ասում է Նարեկը:
Կազմակերպիչները շահառուներին միայն մեղվափեթակներ ու մեղվաընտանիքներ տրամադրելով չեն սահմանափակվում: Ծրագրի մասնակիցները պարբերաբար մասնակցում են դասընթացների, հմտանում մեղվաբուծության մեջ, ստանում ոլորտին վերաբերող նոր գիտելիքներ: Դասընթացները Նարեկն է անցկացնում, ինքն էլ վերապատրաստումների է մասնակցում:
Տասներկու տարեկանից մեղվաբուծությամբ զբաղվող Նարեկը վստահեցնում է՝ դրանով հնարավոր է շատ մեծ եկամուտներ ստանալ: «Ես մեր շահառուներին անընդհատ ասում եմ՝ մեղվաբուծությունը դիտարկեք ոչ թե որպես առօրյա զբաղմունք, այլ բիզնես, որով մեծ հաջողությունների կարող եք հասնել»,- նշում է նա:
Գյուղացիները ստացել են անհրաժեշտ բոլոր գործիքները՝ ոլորտում առաջընթաց գրանցելու եւ առանց դժվարությունների աշխատելու համար: Կազմակերպիչները խոշորացված համայնքներին նաեւ մեղրաքամներ են տրամադրել, որոնցից գյուղացիներն անվճար են օգտվում: «Մենք տալիս ենք ոչ թե այդ օրվա ապրուստը, այլ աշխատելու եւ պարբերական եկամուտ ստանալու հնարավորություն»,- նշում է ծրագրի պատասխանատուն:
2021-ին նախագծի կազմակերպիչների եւ «Թեքեյան» մշակութային կենտրոնի համագործակցությամբ ծրագրին է միացել նաեւ 44-օրյա պատերազմից հետո Արցախից տեղահանված եւ Վայոց ձորի տարբեր համայնքներում վերաբնակեցված 9 շահառու: Նրանք եւս ստացել են 5-ական մեղվաընտանիք՝ փեթակով:
Արցախի Բերձորի շրջանից Վայոց ձորի Մալիշկա համայնքում վերաբնակեցված Մուրադ Փալանջյանն այդ շահառուներից մեկն է: Նա Արցախում երկար ժամանակ զբաղվել է մեղվաբուծությամբ, բայց այս ծրագրին միանալով նոր գիտելիքներ ու հնարավորություններ է ձեռք բերել:
Մուրադը կարեւորում է հատկապես նոր ծանություններն ու մարզում ինտեգրվելու հնարավորությունը: «Ծրագիրը նպաստել է ոչ միայն նոր կյանք սկսելիս զբաղմունք ու եկամտի աղբյուր գտնելու, այլեւ նոր միջավայրին հարմարվելու, ընկերներ ձեռք բերելու հարցում: Արցախից նաեւ մեր մեղվափեթակներն ենք տեղափոխել: Մեզ օգնում են նաեւ մեղրի սպառման հարցում, կարողանում ենք հարթակներ գտնել վաճառքի համար»,- նշում է Մուրադը:
Նարեկը վստահ է՝ մեղվաբուծության զարգացումը կարող է էապես ազդել նաեւ մարզից արտագաղթի ցուցանիշների վրա: Երիտասարդները գյուղերը լքում են հիմնականում աշխատանք եւ եկամտի աղբյուր չունենալու պատճառով, բայց նման ծրագրերը կարող են մեծ փոփոխություններ բերել: Իրենք էլ բաց են համագործակցության համար այն անհատների ու կազմակերպությունների հետ, որոնք ցանկություն կունենան ներգրավվելու ծրագրում՝ նպաստելու համայքների զարգացմանը: Սեպտեմբերին կայանալիք «Մեղրի տոնը Երեւանում» ծրագրում «Լեռնային հրաշք մեղրը» նույնպես ներկայանալու է իր տաղավարով:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: