Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնել են, որ 2022-ի օգոստոսի 24-ին Երեւանի Ազատության հրապարակում արտոնված հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության համապատասխան բաժին՝ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով։
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված անձանց հետ, կապ հաստատել փաստաբանի հետ։ Հաջորդիվ ոստիկանությունը Պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է նաեւ, որ օրենքով սահմանված ժամկետում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել։ Բերման ենթարկելու հիմքերի ու երթի չթույլատրման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից։
Ավելի վաղ հայաստանյան հասարակական կազմակերպությունները հայտարարություն էին տարածել հակապատերազմական բողոքի ցույցը խոչընդոտելու եւ կազմակերպիչներին ու շարքային մասնակիցներին ոստիկանական բաժանմունք բերման ենթարկելու վերաբերյալ: