Ըստ սիրիական SANA գործակալության՝ Սիրիայի արեւելքում գտնվող Դեյր-Էլ-Զոր նահանգի Կոնիկո նավթահանքի շրջանում ամերիկյան ռազմակայանը վերջին 12 ժամվա ընթացքում երկրորդ անգամ գնդակոծության է ենթարկվել:
«ԱՄՆ ռազմակայանը Կոնիկո նավթահանքում՝ երկրի արեւելյան մասում, գնդակոծվել է ռեակտիվ նռնականետներից, որից հետո ներսում պայթյուններ են հնչել։ Վիրավորների կամ կորուստների մասին տվյալներ չեն ստացվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ զինվորականներն անմիջապես փակել են այդ շրջանը՝ օդ բարձրացնելով ավիացիան։
Օգոտսոսի 24-ի երեկոյան հրթիռային հարված էր հասցվել Սիրիայի արեւելքի Ալ Օմար եւ Կոնիկո նավթահանքերի մերձակայքում տեղակայված ԱՄՆ երկու ռազմակայաններին։
Ըստ իրաքյան անվտանգության մարմինների՝ Իրաքի հյուսիսի Նայնավա նահանգում էլ հրթիռակոծվել է թուրքական «Զլիկան» ռազմակայանը։ Հրթիռներն արձակվել են Մոսուլ քաղաքից, կորուստների մասին տեղեկություն դեռ չկա։
Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել է 1984-ին, շարունակվել 2015-ին։ PKK-ի ռազմաբազաները տեղակայված են Իրաքի հյուսիսում, որոնց դեմ Թուրքիայի ԶՈՒ-ն օդային եւ ցամաքային գործողություններ է իրականացնում։ Մոսուլից հյուսիս–արեւելք գտնվող «Զլիկան» ճամբարում թուրք զինվորականների ներկայությունը վեճեր է առաջացնում Բաղդադի եւ Անկարայի միջեւ։ Թուրքիան այդ ներկայությունն արդարացնում է Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարի անհրաժեշտությամբ։