Աշխատանքային այցով Սյունիք է ժամանել Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգը։ Նրան ընդունել են Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը եւ մարզպետարանի ղեկավար կազմը։
Դեսպանն առաջին անգամ է Սյունիքում ու նշել է, որ այցելության նպատակն է քննարկել, թե ինչպես կարելի է Չինաստանի եւ Սյունիքի մարզի միջեւ համագործակցության եզրեր գտնել։
«Սյունիքը Հայաստանի Հանրապետության համար մեծ կարեւորություն ունեցող մարզ է, վերջին տարիներին մեր երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության մեջ ամենաբարձր տոկոսն ունի հանքարդյունաբերական արտադրանքը, իսկ այն արտահանվում է հիմնականում Սյունիքից»,- նշել է Ֆան Յոնգը։
Դեսպանը հավելել է, որ սա միակ ոլորտը չէ, որտեղ կարելի է համագործակցել, ու պետք է նոր բնագավառներ գտնել։ Այս առումով դեսպանատունը պատրաստակամ է նաեւ իրենց երկրի ներդրողներին ուղղորդելու դեպի Սյունիք։
Հանդիպման հիմնական առանցքը փոխգործակցության մասին մտքերի փոխանակումն էր
Բարձրաստիճան դիվանագետին են ներկայացվել այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ Սյունիքը կարող է համագործակցել չինական կողմի հետ։ Դրանք կարող են հետաքրքրել ներդրողներին կամ շահավետ լինել մարզի համար փորձի փոխանակման առումով։
Դիտարկելով հայ-չինական հարաբերությունների համատեքստում Սյունիքի զարգացման հնարավորությունները` հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին մասնավորապես կրթությանը, զբոսաշրջությանը, ճանապարհաշինությանը եւ այլ ոլորտներին։
Հանդիպման հիմնական առանցքը փոխգործակցության մասին մտքերի փոխանակումն էր, իսկ հետագայում առավել նեղ մասնագիտական խմբերով կողմերը կանցնեն դրանք խորացնելու գործնական քայլերի։