Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում կասետային ռումբեր լայնորեն օգտագործելու համար, ինչի հետեւանքով վնասվել են հարյուրավոր քաղաքացիական անձինք։
Միջազգային իրավունքով այդ ռումբերն արգելված են։
Ժամեր առաջ հրապարակված զեկույցի համաձայն` աշխարհի տարբեր հատվածներում ներկայում ընթացող ռազմական գործողություններից կասետային ռումբեր կիրառվում են միայն ուկրաինական պատերազմում։
Կազմակերպությունը մեղադրել է նաեւ Ուկրաինային նման ռումբեր՝ առնվազն երեք անգամ կիրառելու համար:
Human Rights Watch-ը կոչ է արել Մոսկվային ու Կիեւին միանալու կասետային ռումբերի կիրառումն արգելող 2008 թվականի միջազգային պայմանագրին։
Կասետային ռումբեր կիրառում էր նաեւ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ժամանակ
2020-ի հոկտեմբերի 6-ին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, հայտարարել էր, որ իր փորձագետները Ստեփանակերտում հաստատել են՝ Արցախի մայրաքաղաքը ռմբակոծվել է իսրայելական արտադրության կասետային ռումբերով։
Իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել էր, որ կասետային ռումբերի որեւէ կիրառում արգելված է, եւ դրանք օգտագործելը բնակելի շրջաններում կարող է ավելացնել զոհերի եւ վիրավորների թիվը: