Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենշաբաթյա համաճարակաբանական տվյալների՝ աշխարհում ՔՈՎԻԴ-19 կորոնավիրուսային հիվանդությունը շաբաթվա ընթացքում նվազել է 9%-ով, մահացությունը՝ 15%-ով:
Օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսով վարակման դեպքերի անկում է գրանցվել բոլոր վեց տարածաշրջաններում։ Հիվանդությունն ամենից շատ նվազել է Աֆրիկայում (25%-ով), Եվրոպայում (20%-ով) եւ Ամերիկայում (18%-ով):
Միեւնույն ժամանակ, ԱՀԿ-ում նշում են, որ մի քանի երկրներ փոխել են ՔՈՎԻԴ-19-ի թեստավորման իրենց ստրատեգիաները։ Դրա հետեւանքով արվել են ավելի քիչ թեստեր, եւ համապատասխանաբար գրանցվել են հիվանդության ավելի քիչ դեպքեր:
Վերջին շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում հայտնաբերվել է ՔՈՎԻԴ-19-ով ախտահարման ավելի քան 5,3 միլիոն նոր դեպք: Կորոնավիրուսից մահացության քանակը նվազել է բոլոր տարածաշրջաններում, բացի Աֆրիկայից ու Խաղաղ օվկիանոսի արեւմտյան ափից, որտեղ այն համապատասխանաբար ավելացել է 183%-ով եւ 8%-ով:
Մյուս տարածաշրջաններում նկատվել է մահացության անկում, ամենից շատ՝ Եվրոպայում (30%-ով):
Ընդհանուր առմամբ մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում ՔՈՎԻԴ-19-ը խլել է 14 հազար մարդու կյանք:
Համավարակի ամբողջ ժանմանակաշրջանում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 598 միլիոն դեպք։ Հիվանդությունը համավարակի սկզբից ի վեր ընդհանուր խլել է ավելի քան 6,4 միլիոն մարդու կյանք։