Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը հայտնել է, որ Թուրքիայի 424 մտավորականներ, նրանց թվում՝ գրողներ, լրագրողներ, արվեստագետներ ու քաղաքական գործիչներ, համատեղ հայտարարություն են տարածել` թուրքական իշխանություններին հորդորելով քայլեր ձեռնարկել «խորքային պետության եւ մաֆիայի ուժերի դեմ» եւ բացահայտել պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ մահափորձի ծրագիրը եւ պատժել մեղավորներին:
Ավելի վաղ թուրք փաստաբան Մեհմեդ Սինան Ինջեն իր սոցիալական հաշիվներից մեկում գրառում էր արել՝ նշելով, որ Թուրքիայի հատուկ ջոկատային ուժերի նախկին գնդապետներից մեկը դեռ 2016-ին Փայլանի սպանության ծրագիր է ունեցել։ Մասնավորապես զենք է մտցվել Թուրքիայի խորհրդարան, սակայն մեկ այլ խմբավորում խափանել է այդ ծրագիրը։ Պոլսահայ պատգամավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն, բայց պատկան մարմինները դեռ ընթացք չեն տվել գործին:
Փայլանի հաղորդումից հետո Ինջեն Թվիթերում հերթական գրառումն է արել՝ նշելով, թե «պատգամավորը մեջլիսում երկու անգամ թիրախում է եղել, սակայն հրաժարվել են նրան սպանելուց, որպեսզի հերոս չդառնա»:
«Այն, ինչ ամրապնդում է այս մութ ուժերի անխոհեմությունը, նրանց վստահությունն է, որ նրանք չեն ենթարկվելու քրեական պատժամիջոցների, նույնիսկ եթե կարող են սպառնալ բոլորին: Այս վստահությունն ուժ է ստանում ներկայիս քաղաքական մթնոլորտից: Այս մթնոլորտը պետք է անհապաղ փոխվի»,- ասված է հայտարարության մեջ։