Կառավարության վերջին նիստում հայտարարվեց սեպտեմբերի 1-ից Հայաստանում կենսաթոշակը բարձրացնելու մասին: Խոսքը բազային կենսաթոշակի մասին է, որը, սակայն, կավելանա 3 հազար դրամով: Իշխանությունները շտապեցին այս որոշումը ներկայացնել որպես հերթական աննախադեպ քայլ՝ շեշտելով, որ նպատակադրվել էին կենսաթոշակները բարձրացնել 2023-ի հունվարի 1-ից, սակայն երեք ամիս շուտ են իրագործում այդ որոշումը: Կարճ ասած՝ «Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր ՔՊ-ականներն են մեզ տվել»:
Կենսաթոշակները բարձրացնելու մասին լուրը շատ գեղեցիկ է հնչում։ Սա՝ մինչեւ այն պահը, երբ դեռ չես խոսում դրանց չափի մասին։ Դրանից հետո արդեն հիասթափության ալիք է բարձրանում։ Բանն այն է, որ կենսաթոշակն ավելանում է ընդամենը 3 հազար դրամով. գումար, որը, հաշվի առնելով վերջին ամիսներին Հայաստանում արձանագրված գնաճը, մարդկանց կենսամակարդակի վրա չնչին ազդեցություն կունենա: Բավական է միայն նշել, որ այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 8,1 տոկոս գնաճ, ընդ որում՝ միայն սննդամթերքը մեզանում թանկացել է 13,7 տոկոսով, ոչ պարենային ապրանքները՝ 6,1 տոկոսով, կոմունալ ծառայությունները՝ 4,9 տոկոսով:
Որպեսզի ավելի պարզ լինի գնաճի պատկերը, մի քանի կոնկրետ թիվ մատնանշենք:
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ հացի 1 կիլոգրամը 2021-ին արժեր 524 դրամ, այս տարվա երկրորդ կիսամյակում դարձել է 602 դրամ:
Ալյուրի 1 կիլոգրամն արժեր 454 դրամ, այժմ 508 դրամ է:
Մակարոնեղենը 643 դրամից դարձել է 792 դրամ:
Բրնձի 1 կիլոգրամը 813 դրամից դարձել է 1070 դրամ:
Տավարի միսը 2920 դրամից դարձել է 3255 դրամ:
Թռչնի միսը 1654 դրամից դարձել է 1767 դրամ:
Կարագը 5556 դրամից դարձել է 5891 դրամ:
Բուսական յուղը 1150 դրամից դարձել է 1270 դրամ:
Պանիրը 2335 դրամից դարձել է 2785 դրամ:
Շաքարավազը 406 դրամից դարձել է 454 դրամ:
Կարտոֆիլի գնաճն աննախադեպ է. 253 դրամից դարձել է 525 դրամ:
Ցանկը երկար է, բայց չենք շարունակ, թեկուզ այն պարզ պատճառով, որ կարիք չկա մատնանշելու պաշտոնական վիճակագրությունը՝ պատկերացնելու երկրում ստեղծված ծանր իրավիճակը, ընդհակառակը, սոսկալի գնաճին ականատես ենք լինում ամեն օր: Այնպես որ գնաճի այս ալիքի պայմաններում կենսաթոշակն ընդամենը 3 հազար դրամով բարձրացնելը հազիվ թե լուրջ ազդեցություն ունենա մարդկանց կենսամակարդակի վրա: Թեեւ իշխանական պատգամավորներից մեկը նկատել էր, թե «բացարձակ առումով 3 հազար դրամը մեծ թիվ չի թվում, սակայն տոկոսային առումով սա նշանակում է 16.6% բարձրացում, ինչը քիչ չի»:
16.6 տոկոսն իսկապես քիչ չէ, բայց պատկերացնո՞ւմ եք՝ որքան ավելի մեծ կլինի այդ ցուցանիշը, եթե, օրինակ, համեմատենք թոշակի վերջին բարձրացումը, ասենք, 2000, 2010 կամ թեկուզ 2018 թվականի ցուցանիշների հետ։ Այո՛, աննախադեպ չափի կլիներ, ամենաանախադեպը աննախադեպների թվում։
Ի դեպ, այս ամենից բացի, արդեն մի քանի ամիս է՝ իշխանությունները թմբկահարում են, թե անկանխիկ առեւտրի դեպքում կենսաթոշակառուներին 10% (բայց առավելագույնը 5000 դրամ) հետվճարի ինստիտուտի ներդրմամբ եւս բարձրացվում է կենսաթոշակը: Այս կարգը սկսեց գործել հուլիսի 1-ից, եւ Կառավարության վերջին նիստում ամփոփվեց նաեւ այս ուղղությամբ կատարված աշխատանքը: Ինչպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն էր տեղեկացրել, միջոցառմանը մասնակցել է 17 հազար քաղաքացի: Մինչդեռ, նկատենք, ծրագրի շահառուների թիվը 173 հազար է, որի, փաստորեն, 10 տոկոսն է կարողացել նոր համակարգից օգտվել ու հետվճար ստանալ: Իսկ ընդհանրապես Հայաստանում հաշվառված է 464 հազար 853 կենսաթոշակառու:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: