Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Միացյալ Նահանգներում աշխատանքային այցով գտնվող Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը տեսաուղերձում հայտարարել է, թե ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ զրույցում ընդգծելու է, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա:
«Մենք խորացնելու ենք մեր համագործակցությունը, հատկապես ուժեղացնելու ենք մեր համատեղ հակազդեցությունն Իրանի դաշնակիցներին, պետք է երաշխավորենք, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա»,- հայտարարել է Գանցը:
Միացյալ Նահանգներում Իսրայելի պաշտպանության նախարարը քննարկելու է Թեհրանի միջուկային ծրագրի հնարավոր վերականգնման պայմաններում անվտանգության ասպարեզում Իսրայելի, Միացյալ Նահանգների եւ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրների համագործակցությունը:
Դեռ փետրվարի 9-ին իսրայելցի բարձրաստիճան անանուն պաշտոնյայի հավաստմամբ, Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում Միացյալ Նահանգների ղեկավարին է դիմել Իրանի հետ միջուկային գործարքին չվերադառնալու խնդրանքով:
Զրույցի ժամանակ Բենետը Բայդենին հորդորել է չվերադառնալ Իրանի հետ միջուկային գործարքին՝ նշելով, որ ոչինչ տեղի չի ունենա, եթե ԱՄՆ-ը գործարքը չստորագրի: Ըստ Բենետի՝ գործարքի վերականգնման դեպքում Թեհրանը միլիարդավոր դոլարներ կվաստակի, ինչը կնպաստի տարածաշրջանում «չարամիտ գործունեությանը»:
Մինչդեռ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օգտակար է համարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը՝ պատրաստվող խմբագրությամբ։
«Մենք ամենայն ուշադրությամբ ենք մոտենում Իրանի հետ հավասարակշռված համաձայնագրի ընդունմանը»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը: Մակրոնը նշել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) աշխատանքն այդ համաձայնագրի շուրջ «չպետք է ենթարկվի քաղաքական ճնշման»:
Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման վերաբերյալ Թեհրանի պատասխանը Եվրամիության առաջարկին խելամիտ է համարել։
Միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների շրջանակում Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպությունների ցանկից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հանելու պահանջից։ Իրանական կողմի այս պահանջը հիմնական խոչընդոտն էր միջուկային գործարքի վերականգնման ջանքերում: