Չկա պետություն առանց քաղաքականության։ Իսկ քաղաքական համակարգը պետության իմունային համակարգն է։ Ինքնաբավ, սեփական իմաստներ ու օրակարգեր արտադրող քաղաքական համակարգը՝ կուսակցություններով, անհատ գործիչներով, ինստիտուտներով ու լեգիտիմ իրավական փաստաթղթերով, պետության ողնաշարն է։
Թե՛ պատերազմից առաջ, թե՛ հետո տարատեսակ մերձքաղաքական կերպարներ, Հայաստանն ու դրա քաղաքական դաշտը դիտարկելով որպես անծայրածիր արոտավայր, գիշեր ու զօր բլբուլ կտրած՝ սեփական հյուրախաղերը, անլրջության ու խեղկատակության փառատոներն անվանում են քաղաքական պայքար, քաղաքացիական շարժում, անհնազանդության ակցիա, կուսակցական գործունեություն։
Գալիս են իրենց կանանց հետ, ընտանիքներով, ցեղերով, ամուսիններով, ընկերներով ու թայֆեքով եւ Հայաստանի Հանրապետությունը վերածում թատրոնի, տեղ-տեղ էլ խոսում մոտալուտ վախճանի մասին։ Խոսում են պետության ավարտից՝ անլրջացնելով քաղաքական դաշտն ու քաղաքական պայքարը, ապալեգիտիմացնելով պետությունն ու անկախության գաղափարն ինքնին։
Ոմանք Երեւանի փողոցներում ֆոտոսեսիաներ են անցկացնում եւ, այլ երկրի քաղաքացի լինելով, հավակնում քաղաքապետի պաշտոնի։ Մնացյալները որոշել են ոչնչացնել անկախական շարժման գաղափարական ու սիմվոլիկ հիմքերը՝ նոյյան տապանի սկզբունքով հավաքելով ամեն կենդանի արարածից մեկ զույգ եւ հռչակելով Գերագույն խորհրդի նիստեր ու Հայաստանի ազատագրման շարժումներ։
Այս ամենն, իհարկե, նորություն չէ հայ հանդիսատեսի ու մեր կաթվածահար քաղաքական դաշտի համար։ Պարզապես, «բնականոն» ընթացքի դեպքում, մենք նման թատերական փառատոների ականատես ենք լինում համապետական, խորհրդարանական ու նախագահական ընտրություններից առաջ, երբ տարատեսակ «փրկիչներ», «սունկ-կուսակցություններ» որոշում են իրենց բաժին թամաշան հրամցնել հայ հանդիսատեսին՝ թամաշայի անունը դնելով ընտրարշավ, իսկ վերջնարդյունքում փոշիացնելով չկողմնորոշվածների ձայներն ու փախցնելով ոսկու գին ունեցող քվեները։
Իսկ ի՞նչ է պատահել հիմա, որ արձակուրդի սեզոնը չավարտված՝ բուսնում են հայրենասեր-փրկիչներն ու գուժում իրենց շարժումների մոտալուտ հաղթանակը։ Անձրեւից հետո սնկի պես «ծլում» են նույնիսկ ընդհատակ անցած տարատեսակ գողական ակտիվիստներն ու քրեական հայրենապաշտները։
Իսկ տեղի է ունեցել պատերազմ, պետության իմունիտետի կաթված, քաղաքական դաշտի ամայացում, ռեսուրսների վերաբաշխում, ապապետական կլանային ճամբարների բյուրեղացում։ Այդ բոլոր ուժերն ու ճամբարները մտածում են՝ ինչպես թանկով վաճառեն Հայաստանի մնացորդները կայսրությանը, իսկ իրենք հռչակվեն գավառի վալի կամ խան՝ հավատարմության երդում տալով մոտեցող «Հայհեղկոմին»։
Աճում են տարատեսակ երիտկոմսոմոլներ, աճեցված հայրենասերներ ու գրպանային ընդդիմադիրներ, որոնք բոլորը մտածում են միայն ու միայն անկախության մնացորդները թանկով վաճառելու մասին։ Նրանք իրենց գոյությամբ ու էությամբ հակոտնյա են պետության շահերին, պետականության եւ անկախության գաղափարին։
Ասում են՝ ստահակների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է. Մեր պարագայում՝ դրա մասին կոչերը։ Դրան է գումարվում նաեւ պետությունը կործանումից փրկելու աղեկտուր «լացուկոծը», որը համատեղվում է նաեւ երկիրը «թուրքերից» ազատելու ու «նոր, չորրորդ հանրապետություն» ստեղծելու կոչերով։ Պարզապես չորրորդ հանրապետությունը մեկնաբանվում է որպես խաղաղապահներով շրջապատված Թաթարստան։ Ավելի օդիոզ քրեաօլիգարխներն էլ նոր խաչակրաց շարժումներ ու արմատներին վերադարձ են գուժում։ Երեւի արմատներ ասելով նկատի ունեն անհագ, անկանոն ու անզուսպ թալանն ու հանցավոր ամենաթողությունը։
Դամը շարունակում են քաշել ներկան փնովող, անցյալը մոռացող, ուրացող եւ ապագան միակ ճիշտ ճանապարհ համարող, ապագա գործերի նախարարության թաթարագետները, որոնք կարծես թե չեն խառնվում այս համատարած խեղկատակության շքերթին եւ պատրաստվում են ճիշտ ժամանակին իրենց սպիտակ ձիով ու «Հայհեղկոմի» գլուխ անցած բերել այնքան բաղձալի նոր Հայաստանը։
Նոր, որն այնքան լավ չմոռացված, հին գաղութային Հայաստանի ուրվականն է։ Ինչո՞ւ ուրվական, քանի որ պատմությունը երբեք նույնությամբ չի կրկնվում, երկրորդ անգամ այն պարզապես ֆարս է կամ չստացված կրկնօրինակ։
Գալիս են ու խոսում ապագայի մասին՝ մոռանալով ներկայի միս ու արյուն ստացած «միութենական» ուրվականներն ու «միջանցքային» ինտերվենցիաները։ Գալիս են՝ խարխուլ իմունիտետը վերջնականապես վնասազերծելու, ներքին դիմադրության դույզն-ինչ հնարավորությունը թաղելու, որպեսզի ապագա փրկիչները հյուսիսային աստղի փայլով անարգել գրավեն ու հպատակեցնեն դիմադրության վերջին օջախները։ Գալիս են հռչակելու նոր Թաթարստան՝ նոր խաղաղապահներով, նոր տեխնոկրատներով ու «հայրենասեր» բանկիր-կառավարիչներով։
Միամիտ պետք է լինել՝ կարծելու, թե այս՝ առաջին հայացքից տարերային եւ ինքնաբուխ փրկչական, խաչակրաց արշավանքներն իրարից անկախ ու իրար հակոտնյա են։ Դրանք բոլորը մեկ գաղափարի, մեկ նպատակի են միտված։ Այն է՝ ապալեգիտիմացնել, արժեզրկել, որակազրկել, ծանակել անկախության գաղափարը, քաղաքական դաշտն ու, դրանց հիմամբ, անկախ պետության իմաստն ու դերը։
Դրանք բոլորը պետության ոգու ու մարմնի վրա մակաբուծող տզրուկներ են, որոնք քաշում են վերջին, թարմ ու առողջ արյունը։ Դրանց նպատակն, ուրեմն, ներքին դիմադրության իսպառ վերացումն է, հասարակության մեջ քաղաքականության հանդեպ ապատիա ու զզվանք տարածելն ու հուսալքությունը խորացնելը։
Նպատակը «Հայհեղկոմի» համար կարմիր գորգ փռելն է, համոզելը, որ 30-ամյա պետությունը կենսունակ չէ, ո՛չ ներկաներն են ունակ, ո՛չ նախկինները, ամեն ինչ զրո է, ու միակ փրկությունը «միութենական» հանգրվանն է։ Ահա մեծ պատկերը, իսկ մնացյալն արդեն տեխնոլոգիայի, ռեսուրսների ու ժամանակի հարց է։ Մնացյալը պարզապես մետաստազներն են, որոնք արագորեն կհանգեցնեն իսկական մղձավանջի։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։