ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ սեպտեմբերի 23-ից 10 օր շարունակ կենտրոնում տեղադրված տաղավարներում ցանկացողները կկարողանան զննում անցնել։
Սրտի տասնօրյակը կանցկացվի Սրտի համաշխարհային օրվա` սեպտեմբերի 29-ի միջոցառումների շրջանակում։ Տաղավարներում մասնագետները կորոշեն արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, կչափեն զարկերակային ճնշումը։
«Այն մարդիկ, որոնց մոտ շեղումներ կհայտնաբերվեն, նրանց ուղեգրեր կտրվեն, որպեսզի գնան պոլիկլինիկա եւ անհրաժեշտ դեպքում նաեւ բուժում ստանան»,– նշել է Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ Համլետ Հայրապետյանը։
Այդ օրերին կլինեն նաեւ իրազեկման ակցիաներ` անվանի սրտաբանները, սրտային վիրաբույժները եւ ոլորտի մասնագետները կխոսեն սիրտն առողջ պահելու կարեւորության մասին:
Միաժամանակ, 2 գիտաժողով է նախատեսված. սեպտեմբերի 24-ին առաջին անգամ կանցկացվի հայ-ռուսական ֆորում, իսկ սեպտեմբերի 29-ին Հայաստանի սրտաբանների ասոցիացիան գիտաժողովով հանդես կգա։
Հայաստանում որպես մահացության պատճառ առաջին տեղում են կորոնար անոթների հիվանդությունը եւ սրտանոթային համակարգի այլ հիվանդություններ: Եթե 1990-ին դրանցից մահացել է 7128 մարդ, ապա 2021-ին այդ ցուցանիշն ավելացել է՝ կազմելով 8056 մահ։
2021-ին Հայաստանում սուր ինֆարկտից մահացել է 1354 քաղաքացի։
Դեպքերի կեսը՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից
Ավելի վաղ «Առողջություն եւ առողջապահություն» վիճակագրական տարեգիրքը հայտնել էր, որ երրորդ հանրապետության ամբողջ ընթացքում Հայաստանում գրանցված մահվան դեպքերի կեսը պայմանավորված է արյան շրջանառության համակարգի հիվանդություններով։
Այսպես, 1990-ին այդ հիվանդություններից մահացել է 10 հազար 843 մարդ, 2021-ին այդ ցուցանիշն աճել է գրեթե 50%-ով՝ մեկ տարվա ընթացքում կազմելով 16 հազար 589 մահ: Ընդ որում՝ 2021-ին մահվան այդ դեպքերի 50%-ից ավելին բաժին է ընկել կանանց։
7882 մահացածներից ավելի քան 50%-ը՝ 4851 մարդ, եղել է 70 եւ ավելի տարեկան, 60-69 տարիքային խմբում մահացել է 1915, 50-59 տարիքային խմբում՝ 783, 40-49 տարիքային խմբում՝ 259, 30-39 տարիքային խմբում՝ 50, 20-29 տարիքային խմբում ՝ 19 մարդ: Մինչեւ 18 տարեկան հասակում մահացել է 5 երեխա։
1990-ին սուր ինֆարկտից մահացել է 1916 մարդ։ Հաշվի առնելով 1990-ականների վերջից ՀՀ-ում գործող ստենտավորման ծրագիրը՝ այդ թիվը փոքր-ինչ կրճատվել է. 2021-ին դրանից մահացել է 1354 քաղաքացի։ Զարկերակային գերճնշման հետեւանքով առաջացած բարդություններից 2021-ին մահացել է 1003 մարդ, մինչդեռ 1990-ին այդ ցուցանիշը 2014 էր: